10/05/2022 20:09
Պատմությունը չի՛ սիրում հանձվող ու թույլ տեսակին․ այստեղ ենք, որ ազգովի ասենք՝ հայը չի՛ պարտվում, հայը չի՛ հանձնվում․ Խաչիկ Գալստյան
Պատմությունը չի՛ սիրում հանձվող տեսակին, պատմությունը չի՛ սիրում թույլ տեսակին։ Մենք այստեղ ենք, որ ազգովի ասենք՝ հայը չի՛ պարտվում, հայը չի՛ հանձնվում, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը։
Քաղաքական գործիչն ընդգծեց՝ որքան էլ որ իշխանություններին թվա, որ մարդկանց հիշողությունը կարճ է, բոլորն են հիշում Նիկոլ Փաշինյանի թե՛ հայտարարություններն ու խոստումները, թե՛ դրանց հաջորդած գործողությունները։
«Խոսում էր «երջանիկ քաղաքացուց» ու «դժբախտ ու դժգույն» հռչակեց Շուշին։ Հազարավոր ընտանիքների որբացրեց, հազարավոր կանանց այրի դարձրեց։ Խոսում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց սրի ու հրի մատնեց Արցախը, հարյուրավոր հայկական շեներ թրի ու սրի հանձնեց, պատերազմից հետո այդպես էլ չայցելեց Արցախ։ Այդպես էլ չի համարձակվում գեթ մեկ արտահայտություն անել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասաց Խաչիկ Գալստյանը։
Նա հավելեց՝ Փաշինյանը հայտարարում էր, թե մեր երկիրը «ոստիկանապետություն» է, բայց «գեստապոյական պետություն» է սարքել այն, իսկ իշխանության կազմում ընդգրկել է իր ազգականներին, հարազատներին ու մերձավորներին։
Երկրում առկա այս և այլ խնդիրների գլխավոր ու միակ մեղավորը, Խաչիկ Գալստյանի խոսքով, հենց Նիկոլ Փաշինյանն է, այդ պատճառով նա պետք է հեռանա իշխանությունից։