10/05/2022 21:12
««Девочка, стоп!»-ը, կարելի է, ասել, շրջադարձային եղավ իմ երաժշտական կարիերայի համար». Արսեն Շախունց
Aysor.am-ը զրուցել է սիրված երգիչ Արսեն Շախունցի հետ, ով մեզ հետ զրույցում խոսել է իր անցած ճանապարհի, ձեռքբերումների, ինչպես նաև «Девочка, стоп!» երգի մեծ հաջողության մասին։
- Արսեն, ե՞րբ հասկացաք, որ ցանկանում եք երաժշտական աշխարհ մուտք գործել։
- Երաժշտությամբ, երգով, հետաքրքրված եմ եղել դեռ փոքր տարիքից, երաժշտական կրթություն եմ ստացել։ Երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժինն ավարտելուց հետո եղբորս հետ որոշեցինք տեղափոխվել Աշխաբադ և կատարել մեր մասնագիտական առաջին քայլերը։
- Նշեցիք, որ ձեր եղբոր հետ միասին տեղափոխվեցիք և դրանից կարճ ժամանակ անց ստեղծեցիք Շախունց եղբայրներ դուետը։ Ի՞նչ էր ձեզ համար նշանակում նման կարևոր քայլ անելը։
Կարելի է ասել, որ դա մեր առաջին լուրջ հաջողությունն էր։ Մանավանդ մեր թողարկած «Голубка» երգը մեզ համար շատ ճանապարհներ հարթեց։ Հենց այդ երգով մասնակցեցինք «Эх, разгуляй!» շանսոնի փառատոնին, հետո այդ կատարումը դարձավ «Упражнение в прекрасном» ֆիլմի սաունդթրեքը։ Այդ երգը իսկապես շատ կարևոր սկիզբ էր մեզ համար։
- Ժամանակին երգի նման հաջողությու՞նն էր պատճառը, որ որոշեցիք այն նորովի ներկայացնել ձեր հանդիսատեսին։
- Իհարկե, նաև դա էր պատճառը, բայց այս երգը յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար։ Ես երգը գրել եմ դեռ 2006 թվականին ու նվիրել եմ իմ կնոջը՝ մեր առաջին դստեր ծննդյան առթիվ։ Ես իրոք ծատ ուրախացա, որ շատերը դեռ հիշում էին երգը և նոր տարբերակն էլ սիրվեց։ Տեսահոլովակը TouTube-ում արդեն 12 միլիոն դիտում ունի։
- Խոսեցիք յութուբյան դիտումների մասին և այս թեմայով պետք է նշել, որ ձեր «Девочка, стоп!» երգը YouTube-ում արդեն ունի 147 միլիոն դիտում և գաղտնիք չէ, որ ուրախ միջոցառումների ամենասպասված ւսիրված կատարումներից է։ Երբ ձայնագրում էիք երգը, մտածում էի՞ք, որ այն նման հաջողություն կունենա։
- «Девочка, стоп!»-ը, կարելի է, ասել, շրջադարձային եղավ իմ երաժշտական կարիերայի համար։ Հենց այս կատարման շնորհիվ ավելացավ իմ օտարերկրյա հանդիսատեսը։ Նախ ասեմ, որ երգի երաժշտության, բառերի և գործիքավորման հեղինակը հենց ես եմ ու այն գրելիս ուղղակի ցանկանում էի, որ լավ տրամադրություն հաղորդող, ուրախ երգ լինի, բայց նման հաջողությունը որքան սպասված էր, նույնքան էլ անսպասելի էր։ Ինձ համար շատ հաճելի և պարտավորեցնող էր, որ օրինակ, Թինա Կանդելակիի, Օլգա Բուզովայի կամ Լոբոդայի նման լայն մասսայականություն ունեցող մարդիկ երգում էին իմ կատարումները և դրանցով կիսվում իրենց լսարանի հետ։ Ու ընդհանրապես, շատ շնորհակալ եմ իմ բոլոր հետևորդներին, իմ երաժշտությունը գնահատողներին և ուզում եմ ասել, որ նման կատարումներ դեռ շատ են լինելու։