10/05/2022 22:50
«Գաղափարը, որը դրված էր այս աշխատանքների հիմքում, անպայման իրականանալու է»․ հայտնի է՝ ով է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլի հաղթողը
Ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը: Ներկայացված 300-ից ավելի աշխատանքներից 7 օրվա ընթացքում ընտրվել են 12 լավագույնները, ապա, հանրային քվեարկության և Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի ընտրության արդյունքների համադրմամբ, հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանն՝ իր նախագծով։
Մրցութային հանձնախմբի անդամներն, ամփոփելով աշխատանքի արդյունքները, նշում են՝ այս նախագիծը համախմբել էր բարձրակարգ մասնագետների՝ Հայաստանից, Արցախից ու սփյուռքից։ Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի ստեղծման հիմքում դրել էր ներհայկական համերաշխության գաղափարը։ Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին՝ իր հին մշակույթով, գրականությամբ, պատմությամբ։
Մրցութային հանձնախմբի անդամ Լուիզա Սարգսյանը համոզված է՝ գաղափարը, որը դրված էր այս աշխատանքների հիմքում, անպայման իրականանալու է։
«Այն է՝ միասնականություն, հայ ժողովրդի ներքին համերաշխություն, վերածնունդ, ուժ և հույս ու լույս ապագայի նկատմամբ»,- ասում է նա։
Գագիկ Ծառուկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագծի բոլոր մասնակիցներին ու նշել․ «Քանի որ մենք քրիստոնյա ազգ ենք ու առաջին քրիստոնյա ազգը, բոլորի ցանկությունն ու նպատակն էր, որ մեր երկրում էլ լինի Փրկչի արձանը»։
Արձանի կառուցմամբ, Գագիկ Ծառուկյանի խոսքով, նոր էջ է բացվելու մեր կյանքում՝ հաջողության, խաղաղության և համերաշխության էջ։