11/05/2022 16:28
«Մի՛ բարդացրեք, ուղղակի սկսե՛ք». «UDIVILA»-ի հիմնադիրների խորհուրդն ու բրենդի ստեղծման պատմությունը
Aysor.am-ի զրուցակիցներն այս անգամ հայկակական արտադրանքում իր գույներով, մոտեցմամբ ու հետաքրքիր լուծումներով տարբերվող «UDIVILA» հագուստի ու աքսեսուարների բրենդի հիմադիրներ Մարիամ Լորեցյանը և Ելենա Գևորգյանն են։
«Բրենդը ստեղծելու գաղափարը կար վաղուց, քանի որ մասնագիտական և անձնական հետաքրքրությունների շրջանակներում միշտ առկա է եղել նորաձևությունը։ Ինչպես ցանկացած գաղափար, այնպես էլ «UDIVILA»-ի գաղափարն իր ճիշտ պահին էր սպասում, որպեսզի իրագործվի։ Առաջնային էր ստեղծել այնպիսի հագուստ, որն ինքներս ենք սիրում ու երբեմն չենք կարողանում գտնել, հագուստ, որ կլինի հարմար, ոճային ու հիշվող», - ասաց Ելենա Գևորգյանը։
«UDIVILA» անվանումն արդեն իսկ հետաքրքիք է իր բովանդակությամբ և արտացոլում է այն գաղափարը, որը դրված է արտադրանքի ստեղծման հիմքում։
«Իրականում ամենաբարդ մասերից էր հենց անվանում գտնելն ու ընտրելը, քանի որ այն պիտի լիներ հիշվող ու տպավորիչ, նաև համահունչ լիներ բրենդի ոճին։ Շատ երկար ենք մտածել անվան շուրջ, տարբերակներ ենք փորձարկել, բայց այս անվանումը կարծես ինքն իրեն առաջացավ ու միանգամից բնութագրեց այն, ինչ անում ենք։ Այն ստացվեց բառախաղի միջոցով․ ինդիվիդուալ բառից, լատինական դիվա բառից, և իհարկե իր բուն՝ զարմանք առաջացնել իմաստից։ Մենք էլ ուզում ենք, որ մարդիկ երբևէ չկորցնեն ու չմոռանան զարմացնելու ու զարմանալու ունակությունը», - ասաց Մարիամ Լորեցյանը։
Բրենդի հիմնադիրները պատմեցին անցած ճանապարհի մասին և փաստեցին, որ եթե մարդն ունի գաղափար՝ առաջին խնդիրը հենց այդ գաղափարի իրականացումն է, առաջին քայլն անելն է։ Ամենամեծ խնդիրը եղել է բրենդի ինքնության ստեղծումը՝ ինչով է այն տարբերվում, ինչպես է ներկայանում և ինչ էմոցիա է փոխանցում։
«Ցանկացած կենցաղային խնդիր, իրականում, խնդիր չենք համարում, քանի որ դա բնական պրոցես է։ Քանի որ հագուստի ապրանքանիշ ստեղծելն ինքնանպատակ չէր՝ մեր երազանքն էր, իսկ երազանքներում խնիրներ չեն լինում, երազանքները միշտ ավելի ուժեղ են ու հաղթում են։ Մենք վայելում ենք ստեղծագործական ընթացքը՝ փոքրիկ խնդիրներով մեկտեղ», - ասաց Ելենա Գևորգյանը։
«UDIVILA»-ի հիմնական գաղափարը փաթթերներն են՝ զարդանախշերը, որոնք ստեղծվում են հիմնադիրների կողմից՝ զրոյից։ Յուրաքանչյուրն իր անվանումն ու պատմությունն ունի։ Զարդանախշը ստեղծելուց հետո գալիս է կտորի ընտրության փուլը՝ այն անպայման պետք է լինի սպիտակ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել տպագրությունը։
«UDIVILA»-ի ոճը նկարագրում են որպես քեժուալ շիկ՝ առկա են առօրյայում կրելու համար նախատեսված գրեթե ամեն ինչ՝ բոմբերներ, տրենչեր, կյուլոտներ, շապիկներ, զգետսներ, նաև աքսեսուարներ՝ մասնավորապես շալեր ու թոթբեգեր։
Գնային քաղաքականության առումով արտադրանքը նույնպես բավականին ճկուն է. կախված կտորից, ձևվածքից, տպագրությունից առկա են թե՛ միջին, թե՛ բարձր գնային սեգմենտի համար նախատեսված տեսականի։
Ապրանքանիշը ներկայացված է Երևանի մի շարք հայկական հագուստի խանութ-սրահներում՝ «Made Fashion Corner», «5 Concept Store», «The Main Design Store»։ Վաճառքներ իրականացվում են նաև կայքում և սոցիալական հարթակներում։ Անմիջապես «UDIVILA»-ից գնելու դեպքում, Երևանում գործում է անվճար առաքում։ Հարցերի և պատվերների և առաքման համար կարող եք զանգահարել +374 43706990 հեռախոսահամարով։
Զրույցի վերջում աղջիկները բիզնես հիմնել ցանկացողներին խորհուրդ տվեցին չբարդացնել, այլ ուղղակի սկսել, չմտածել, որ բիզնեսի համար շատ մեծ գումարներ են պետք, ու մեծ ներդրում միանգամից չանել.
«Պատրաստ եղեք շատ-շատ աշխատելու, քանի որ բիզնես զարգացնելը աշխատատար ու պահանջկոտ ուղի է, պատրաստ եղեք, որ թե՛ ձեր ժամանակը, թե՛ միջոցները, պիտի ներդնեք այդ գործում։ Սեր ու համբերություն՝ սա է բանաձևը։ Ամենակարևորը՝ հավատացե՛ք ձեր կարողություններին ու քիչ լսեք խորհուրդներ այն մարդկանցից, ովքեր փորձելու են հետ համոզել, պատճառներ ու օրինակներ բերել բիզնես չսկսելու համար», - ասացին բրենդի հիմնադիրները։
Մարիամ Լորեցյանի և Ելենա Գևորգյանի բրենդի հիմքում ընկած է այն, ինչ իրենք զգում են՝ լսած երաժշտությունը, կարդացած գրքերն ու պոեզիան, սիրված երկրներն ու ճանապարհորդությունները, որոնք հավաքական էմոցիաների արտահայտումը գտան նաև զարդանախշերում՝ գույնի ու ֆորմայի, դասական ու թվային արվեստի միջոցով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։