11/05/2022 17:16
Ինչի՞ հետևանք կարող է լինել երեխայի դանդաղ աճը. պարզաբանում է մանկաբույժը
Երեխայի դանդաղ աճը պետք է լրջորեն անհանգստացնի ծնողներին և անհապաղ մանկաբույժին դիմելու առիթ դառնա, քանի որ այդ խնդիրը կարող է խորքային պատճառներ ունենալ։
Փոքրիկի դանդաղ աճի, ինչպես նաև օրգանիզմում աճի հորմոնի (սոմատոտրոպին) դեֆիցիտի մասին Aysor.am-ի թղթակիցը զրույցել է մանկաբույժ Աննա Մխիթարյանի հետ։
Ըստ մասնագետի՝ երեխայի աճի պրոցեսում անչափ կարևոր ցուցիչ է հասակը։
«Տեղամասային մանկաբույժն այցերի ժամանակ անկետայում նշում է, թե նորածնային շրջանից սկսած՝ որքանով է բալիկի հասակն ավելանում։ Գոյություն ունի կորագիծ, թե ժամանակի ընթացքում հասակի դինամիկան ինչպես է փոփոխվում։ Եթե մասնագետը տեսնում է, որ կորագիծը միջին գծով չի գնում, այլ ներքև է իջնում, նշանակում է՝ հասակի ավելացում չի գրանցվել։ Այդ դեպքում պետք է սկսել անհանգստանալ։
Շատ կարևոր է նաև քաշի ցուցանիշը։ Եթե երեխայի քաշը չի ավելանում, սակայն հասակն ավելանում է, սրանից չպետք է շատ վախենալ։ Հնարավոր է՝ կյանքի որոշակի շրջանում նվազ քաշի տենդենց նկատվի, բայց հետո ամեն ինչ կարգավորվի։ Իսկ ահա հասակի չավելանալը, կրկնում եմ, կոնկրետ խնդիր է», - նշեց Աննա Մխիթարյանը՝ հավելելով, որ փոքրիկի աճի երրորդ կարևոր ցուցանիշը գլխի շրջագիծն է։
Մանկաբույժը միաժամանակ ընդգծեց՝ եթե երեխայի հասակը նորմայի սահմաններում չի ավելանում, չպետք է շտապել հետևություններ անել, որ օրգանիզմում աճի հորմոնի դեֆիցիտ կա։
«Նման դեպքում մի քանի հետազոտություններ են արվում, այդ թվում՝ էնդոկրինոլոգի կողմից, քանի որ առանց էնդոկրինոլոգի եզրակացության՝ մանկաբույժները չեն կարող վերջնական դատողություն անել երեխայի մոտ առկա խնդրի մասին։ Էնդոկրինոլոգի ցուցումով ստուգվում են բալիկի վահանաձև գեղձի հորմոնները, մի շարք այլ հորմոններ։
Բացի այդ՝ երեխան ռենտգեն հետազոտություն է անցնում՝ այս կամ այն խնդրի հայտնաբերման համար», - ասաց Աննա Մխիթարյանը։
Մանկաբույժն ընդգծեց՝ եթե աճի դանդաղումը պայմանավորված է բնածին կամ ժառանգական որևէ խնդրով՝ ինչպես օրինակ՝ գաճաճությունը, խնդիրը շտկել հնարավոր չէ, բայց եթե երեխայի դանդաղ աճը հետևանք է վահանաձև գեղձի թերֆունկցիայի, դեղորայքային բուժումը կարող է լավ արդյունքներ ապահովել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։