11/05/2022 14:17
Ճակատագրական սխալը պետք է ուղղել ամբողջ ժողովրդով, եթե չհաջողվեց, հետո Նիկոլից կամ ընդդիմությունից ոչ ոք թող չբողոքի, թե ինչու՞ Հայաստան պետությունն այլևս չկա․ Զաքարյան
2021թ. հունիսի 20-ին «խաղաղություն» բառից խաբված ընտրազանգվածի շնորհիվ, Ադրբեջանը վերահաստատեց իր իշխանությունը Հայաստանում, ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով, որ շատ-շատերը հետո հասկացել են Նիկոլի կեղծիքը և միացել են Ֆրանսիայի հրապարակին:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ-ռուսական և այլ երկկողմ հարաբերություններում Հայաստանը ներկայացված չէ: Փոխարենը` Ադրբեջանը ներկայացված է երկու անգամ և´ «հայկական» կողմից, և´ ադրբեջանական:
«2021թ. հունիսի 20-ի ճակատագրական սխալը պետք է ուղղել ամբողջ ժողովրդով: Եթե չհաջողվեց, հետո Նիկոլից կամ ընդդիմությունից ոչ ոք թող չբողոքի, թե ինչու՞ Հայաստան պետությունն այլևս չկա: Նիկոլի գործողությունները տանում են նրան, որ Հայաստան չլինի: Ընդդիմությունը պայքարում է, որ Հայաստան լինի: Որոշումը կախված է յուրաքանչյուր հայ մարդուց:
Սա վերաբերում է բոլորիս` Սփյուռքին, Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիներին:
Հարգելի՛ պատվախնդիր, հայրենատեր հայ մարդ: Ինքդ քեզ մի պարզ բան խոստացիր, ու արա այդպես: Դու ո´չ «Հայաստան» դաշինքի, ոչ «Պատիվ ունեմ» դաշինքի, ոչ ընկերոջդ, ոչ հարևանիդ, ոչ էլ որևէ մեկի խաթր կամ ինադու չես դուրս եկել պայքարի: Վերջ տալ է պետք դատարկ բամբասանքներին ու չհիմնավորված զրույցներին: Տունն այրվում է աչքներիդ առջև, հրդեհը մարելու փոխարեն հրշեջներին եք քննարկում: Դրա ժամանակն էլ կգա:
Իսկ այսօր դու ոտքի ես կանգնում, որպեսզի ներկայիս քաոսային ու անկանխատեսելի աշխարհում թուրքի շահերին մատաղ չանեն քեզ, քո սերունդն ու Հայրենիքը: Դու ոտքի ես կանգնում, որ թուրքի առաջ երեխաներդ անվտանգ լինեն: 1915թ. մեր ապուպապերն էլ չէին հավատում, որ կարող են մորթվել: Բայց ցավոք դա եղավ, և առ այսօր աշխարհը թուրքին չի դատապարտել: Թուրքը (նաև աշխարհը) հարգում ու հաշվի է նստում միայն բռունցքված, միասնական հայերի հետ:
Միացիր ու անվտանգ դարձրու քո ու քո երեխաների ապագան: Ֆրանսիայի հրապարակ արի քո բոլոր հարազատների ու բարեկամների հետ: Հավատա, որ կան պահեր, որ մի ամբողջ կյանք արժը: Այսօր հայ ժողովուրդն ապրում է հենց այդ պահը:
Աստված օգնական մեր ազգին:
Ձայն բազմաց, ձայն Աստծո», - գրել է նախկին պաշտոնյան: