11/05/2022 18:15
Պետությունը մոռացել է իր ամենահիմնական գործառույթը՝ Հայաստանի Հանրապետության սուվերենությունն ամեն գնով պաշտպանելը․ քաղաքագետ
Հայտարարելով Տավուշի և Արարատի մարզերից 7 գյուղի հավակնելու մասին՝ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ իրեն թույլ է տալիս պահանջներ ներկայացնել ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ։ Չմոռանանք, որ մեկ տարի առաջ այս օրերին հակառակորդը ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք և ամրացավ Սև լճի հատվածում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ ընդգծելով, որ եթե այս անգամ էլ հայկական կողմից պաշտոնական հայտարարություններ և գործողություններ չլինեն, Սև լճի օրինակը կարող է ռեալ կրկնվել վերոնշյալ 7 գյուղի դեպքում։
«Պետությունը մոռացել է իր ամենահիմնական գործառույթը՝ Հայաստանի Հանրապետության տարածքների սուվերենությունն ամեն գնով պաշտպանելը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։
Դրա հետևանքով ադրբեջանական կողմի պահանջները լկտիության գագաթնակետի են հասնում։ Իսկ հայկական կողմից ի՞նչու չի հնչում Արծվաշենի վերադարձի մասին․ էլ չեմ ասում Արցախի օկուպացված տարածքների և Արցախի կարգավիճակի մասին»,- հարց ուղղեց քաղաքագետը։
Արթուր Ղազարյանի խոսքով՝ զիջողական քաղաքական կուրսը, որը որդեգրել են ՀՀ իշխանությունները՝ չեղած խաղաղության դիմաց, ի վերջո բերում է հակառակորդի նման սանձարձակության։
«Հայտնի է, որ մեր ռազմավարական դաշնակիցն այս պահին պատերազմի մեջ է, և առկա են որոշակի խնդիրներ։ Հարմար առիթից օգտվելով՝ Ադրբեջանը բանավոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին և զուգահեռաբար սադրանքների դիմում. իր զորքերը հետ քաշելու փոխարեն աշխատում է ավելի ամրանալ ՀՀ սուվերեն տարածքներում»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը երեկ հայտարարել էր՝ սահմանագծման արդյունքներով Ադրբեջանը հույս ունի Տավուշի և Արարատի մարզերից 7 գյուղ ստանալ։