11/05/2022 21:21
Ձեզանից յուրաքանչյուրը ստիպեց ամբողջ աշխարհին վերանայել Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ բոլոր պլանավորումները․ հայկական գործոնը շարունակելու է մնալ որոշիչ․ Արթուր Ղազինյան
Ձեզանից վախենում են։ Ձեզանից վախենում է Ալիևը, որովհետև հորից իրեն փոխանցված գենետիկ կոդով իր գլխին զգում է հայկական բռունցքը,- դիմելով պայքարի դուրս եկած քաղաքացիներին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նա ընդգծեց՝ 1988-ին մի ամբողջ ազգ բռունցք դարձավ, այդ բռունցքն իջավ Ադրբեջանի գլխին․ նրանք մինչև հիմա զգում են դա ու վախենում են դրանից։
«Վախենում են ուղիղ կանգնած հայ մարդուց։ Վախենում են համախմբված հայից, որովհետև գիտեն, որ հային կոտրել հնարավոր չէ»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ որքան էլ որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մինչ այս աշխարհին համոզել են, թե հայ ժողովուրդը համակերպվել է պարտության հետ, հաշտվել է Արցախի կորստի հետ, չի ուզում ունենալ պետություն ու իր հայրենիքում ապրել, աշխարհը ոտքի կանգնած հայ մարդու պայքարը տեսնելով՝ վերանայել է Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ իր բոլոր պլանավորումները։
«Այս օրերի ընթացքում ձեզանից յուրաքանչյուրը, մասնակցելով այս տասնյակ հազարավոր մարդկանց հուժկու երթերին, հնչեցնելով պահանջները, կոտրեց այդ թեզը։ Մենք ամբողջ աշխարհին ցույց տվինք, որ չենք հաշտվել պարտության հետ, որ երբեք չենք հրաժարվելու Արցախից և ապրել ու ապրելու ենք հավերժական Հայաստանում։
Ձեզանից յուրաքանչյուրն իր ամրությամբ, իր մտքով ու ոգով ստիպեց ամբողջ աշխարհին վերանայել Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ իրենց ունեցած բոլոր պլանավորումները։ Ներկայումս վերագծվում են բոլոր պլանները, և հայկական գործոնը շարունակելու է մնալ որոշիչ․ հայ ազգը շարունակելու է ապրել իր պատմական հայրենիքում»,- ասաց Արթուր Ղազինյանը։