11/05/2022 19:33
Հայաստանում չպետք է լինի այնպիսի իշխանություն, որը սեփական ժողովրդին ահաբեկում է՝ ի շահ թշնամիների․ Վահե Հակոբյան
«Հայրենական Մեծ պատերազմում մեր պապերն ահռելի ներդրում են ունեցել, Ստալինգրադում և Կուրսկում կռվելիս նրանք պահում էին մեր՝ այստեղ լինել-չլինելու, մեր գոյության հարցը, որովհետև Թուրքիան մինչև վերջին վայրկյանն ուզում էր բացել երկրորդ ճակատը, որպեսզի աջակցեր ֆաշիստական Գերմանիային»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ ընդգծելով՝ նշված իրադարձություններից տասնյակ տարի անց էլ ոչինչ չի փոխվել Անկարայի հավակնություններում և վարած քաղաքականությունում։
«Հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք մինչև այսօր գալիս են Թուրքիայի, նաև Ադրբեջանի կողմից, նորանկախ Հայաստանում 1997 թվականին Ռուսաստանի Դաշնության հետ կնքվեց ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր, որը գործում է մինչև հիմա։ Եվ այժմ թե՛ Թուրքիայի ու Ադրբեջանի, թե՛ մեր իշխանությունների այն սպառնալիքների առնչությամբ, թե եթե մենք չզիջենք, այս մի բանն էլ չտանք, պատերազմ կլինի, ուզում եմ հարցնել՝ ի՞նչն է փոխվել․ պայմանագիրը, միջազգային երաշխիքները չեղյա՞լ են հայտարարվել, ՌԴ-ն միակողմանի դու՞րս է եկել այդ պայմանագրից։ Իսկ հնարավո՞ր է, որ մեր կողմն է փորձում դուրս գալ։ Հնարավոր է, չի բացառվում։ Դա ևս մեկ պատճառ, որ սրանք հեռանան, սեպեր չխրեն մեր ու մեր դաշնակցի միջև»,- ընդգծեց Վահե Հակոբյանը։
Քաղաքական գործիչը հավելեց՝ երբ իշխանությունը սեփականժողովրդին ահաբեկում է՝ ի շահ թշնամիների, դա դուրս է ցանկացած տրամաբանությունից, չունի որևէ բացատրություն, ուստի նման իշխանություն չպետք է լինի Հայաստանում։
«Մենք այսօր մեծ պատասխանատվություն ենք կրում մեր սերունդների առջև, որ նրանք այլևս թույլ չտան ամեն մի թյուրիմացության գալ, վերցնել իշխանությունն ու երկիրը հասցնել այս վիճակին։ Դրա համար մեր պայքարը պետք է գնա մինչև վերջ։
Մեր պայքարն անկասելի է, այն պետք է բերենք տրամաբանական ավարտի, իսկ այն մեկն է՝ առանց Նիկոլ Հայաստան»,- հայտարարեց Վահե Հակոբյանը։