11/05/2022 22:00
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ներկայացնելու մանդատ չունի, հետևաբար, նրա հետ այս օրերին ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան
Հերթով շրջափակելու, արգելափակելու ենք պետական կառույցները, հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ Սփյուռքը ևս միացել է համահայկական, համազգային դիմադրությանը։
«Նիկոլ, տեսա՞ր՝ ոնց դիմավորեցին քեզ Նիդերլանդների մեր հայրենակիցները։ Իմացիր՝ ողջ հայ ժողովուրդն է այդպես բնութագրում քեզ ու այդպես մտածում քո մասին»,- ասաց Սաղաթելյանը՝ անդրադառնալով սփյուռքահայերի կողմից այսօր Նիդերլանդներում կազմակերպված բողոքի ակցիային, որի ժամանակ նրանք իրենց ակնհայտ դժգոհությունն էին արտահայտել Նիկոլ Փաշինյանի և նրա վարած քաղաքականության նկատմամբ։
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ հանրահավաքի հարթակից արդեն հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում Հայաստանն ու հայ ժողովրդին։
«Նիկոլը հիմա արտասահմանում է։ Առաջիկա օրերին էլի ինչ-որ այցեր կան։ Մեկ անգամ ևս ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ներկայացնելու որևէ մանդատ չունի, հետևաբար, իր հետ այս օրերին ձեռք բերված որևէ պայմանավորվածություն առ ոչինչ է»,- ասաց նա։
Ընդդիմության ներկայացուցիչը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով պայքարը շարունակվելու է մինչև վերջնական նպատակին հասնելը։ Վաղը ևս բողոքի գործողություններ են լինելու՝ ակցիաներ, ավտոերթեր, իսկ 16։00-ին կրկին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։
«Ազգը ոտքի է կանգնել, մենք պատասխանատվություն ունենք․ հետքայլ չկա, գնալու ենք մինչև վերջ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։