11/05/2022 19:48
Արդարադատության նախարարությունը հերքում է՝ ոչ ոքի չեն ստիպել աշխատանքից ազատվել․ «Այդուհանդերձ, եթե տեղի է ունեցել ապօրինի գործողություն, պատրաստ ենք քննություն սկսել»
Արդարադատության նախարարությունը հերքել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանի հրապարակած տեղեկությունն, ըստ որի ավտոմեքենայի ապակուն Արցախի դրոշը փակցնելու համար նախարարության աշխատակցին ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել։
«Հայտնում ենք, որ հրապարակվածը բացարձակ սուտ է։ Բացի այդ, կեղծ տեղեկատվության մեջ նշված էր, թե «Արդարադատության նախարարին աշխատակիցը «սպառնացել» է, թե հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, եթե նախարարը չդադարեցնի ապօրինի պահանջը»։ Հայտնում ենք, որ նախարար Անդրեասյանը երբևէ որևէ աշխատակցի հետ նման խոսակցություն չի ունեցել։
Այդուհանդերձ, եթե նախարարության որևէ աշխատակցի նկատմամբ տեղի է ունեցել որևէ ապօրինի գործողություն, ապա անուններ հրապարակվելու կամ նախարարությանը տրամադրվելու դեպքում՝ վերահսկողական վարչությունը պատրաստ է ծառայողական քննություն սկսել, և պատասխանատվության ենթարկել օրենքը խախտած ցանկացած պաշտոնյային»,- նշված է Արդարադատության նախարարության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը Տելեգրամի իր էջում գրել էր.
«Արդարադատության նախարարության աշխատակցին ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա համարձակվել է Արցախի դրոշը փակցնել իր մեքենայի հետևի ապակուն:
Աշխատակիցը նախարարին «սպառնացել է», որ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, եթե նախարարը չդադարեցնի ապօրինի պահանջը:
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները, փաստորեն, հավասարաչափ ատում են Արցախն ու դրա սիմվոլիկան»։