11/05/2022 10:24
Ստեփանակերտում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ձերբակալված կա
Երեկ երեկոյան՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Արցախի դատախազությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:
Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն: