11/05/2022 17:47
Պայքարի դուրս եկած քաղաքացիները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը
Այս պահին լարված իրավիճակ է Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։ Դիմադրության երթի մեծաթիվ մասնակիցները շրջափակել են քաղաքապետարանի բոլոր մուտքերը։
Մինչ այդ ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Քաղաքապետարանի շենքը շրջափակում ենք․ բոլոր 4 մուտքերը։ Շենք չենք մտնում, շրջապատում ենք, ձեռքերով շղթա կազմենք, պահենք»։
Երթի մասնակիցները շրջափակեցին մուտքերը։ Ոստիկանության մեծաթիվ ուժերը, կարմիրբերետավորները փորձեցին թույլ չտալ, հրմշտոց ու քաշքշուկ առաջացավ։ Պայքարի դուրս եկած քաղաքացիները շարունակում են մնալ քաղաքապետարանի մոտ։
Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան, հեռացիր», «Առանց Նիկոլ՝ Հայաստան», «Առանց թուրքի՝ Հայաստան»։
«Մենք հայտարարել ենք, որ բոլոր պետական հիմնարկները շրջափակելու ենք, թույլ չենք տալու աշխատել։ Նրանց պետք է գերությունից ազատենք։ Նիկոլը քաղաքապետարանը դարձրել է ՔՊ-ի «դուքյանը», մարդկանց իրենց հայացքների համար աշխատանքից ազատում է, ճնշումներ է բանեցնում։ Դրա համար թող տեսնեն՝ ճնշումը որն է», - ասաց Իշխան Սաղաթելյանը։