11/05/2022 15:55
Եղվարդի «Մշակույթի տանը» կայացել է «Աշնան արև» պիեսի համանուն ներկայացման պրեմիերան
Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի «Մշակույթի տանը» տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան:
Ներկայացումը բեմադրել է դերասան Լեռնիկ Հարությունյանը և իր գործընկերներ Մարիա Պետրոսյանի, Անի Վարդանյանի, Հովակիմ Առաքելյանի, Հովհաննես Գասպարյանի, Էլեն Թալալյանի հետ հանդիսատեսի դատին ներկայացրել բեմականացումը, որը տառապանքների և փոքր ուրախությունների միջով անցած Աղունի մասին է, ով պատրաստվում էր գյուղից գնալ Երևան՝ որդուն ամուսնացնելու համար:
Պրեմիերայի կայացման համար մեծ ջանք և եռանդ է ներդրել նաև «Մշակույթի տան» աշխատակազմը՝ տնօրեն Սաթենիկ Հակոբյանի գլխավորությամբ:
Այն կայացել է լեփ-լեցուն դահլիճում, ներկայացման ավարտին՝ հանդիսատեսի չդադարող ծափահարությունների ներքո:
Ներկայացումը դիտելուց հետո, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը ողջունել և բարձր է գնահատել դերասանական խմբի նախաձեռնությունն ու կատարած աշխատանքը, նրանց մաղթել նորանոր հաջողություններ ստեղծագործական աշխատանքում:
«Աշնան արև» ներկայացման բեմադրող, դերասան Լեռնիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իր նախաձեռնությանն աջակցելու և այն կյանքի կոչելու գործում իրենց մասնակցությունն ունենալու համար: Նա շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին, ինչպես նաև դահլիճում ներկա ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին, որն ավելի ուշ դերասանական խմբին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերին նախատեսված «Թատերական Լոռի» միջազգային փառատոնին: