12/05/2022 16:30
Ավոկադո. օգտակար հատկությունները
Ավոկադոն գերհագեցած ճարպաթթուների պարունակության (պակասն օրգանիզմում կարող է աթերոսկլերոզի առաջացման պատճառ դառնալ) շնորհիվ բարելավում է հիշողությունը, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Ավոկադոյում կալիումի պարունակությունը խթանում է սրտի աշխատանքը, նպաստում սթրեսադիմացկունությանը։ Այս միրգը հատկապես ցուցված է զարկերակային բարձր ճնշում ունեցողներին։
Ավոկադոն նաև օգտակար է արյունաստեղծման, արյան շրջանառության կարգավորման համար։ Պղնձի, միներալների, վիտամինների պարունակությունը կանխում են սակավարյունության առաջացումը, երկաթը արյունաստեղծող ամենակարևոր տարրերից է, իսկ B2 խմբի վիտամինը մասնակցում է արյան կարմիր գնդիկների (էրիթրոցիտների) ստեղծմանը։
Ավոկադոն դրական ներգործություն ունի մարսողական համակագի աշխատանքին, օգտակար է փորկապության դեպքում։
Միրգը պարունակում է սննդարար տարրեր, վատ ճարպեր և շաքար չկա կազմության մեջ և սրանով է պայմանավորված, որ ավոկադոն դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչ է։ Պարունակում է մեծաքանակ կալիում (ավելի շատ, քան բանանը), նատրիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում և այլ միներալներ։ Վիտամիններից ևս զուրկ չէ. C, А, D և PP, B խմբի վիտամինները վկայում են մրգի օգտակարության մասին։ Քիչ մրգեր կարող են «մրցակցել» ավոկադոյի հետ վիտամին Е-ի պարունակությամբ։
Ավոկադոյի յուղը օգտագործվում է նաև մաշկի խնամքի, օծանելիքի արտադրության մեջ։ Ավոկադոյի կորիզը վտանգավոր է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների առողջության համար։ Կարող է խաթարել մարսողական համակարգի աշխատանքը, առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։
Քանի որ միրգը հասունանում է շատ դանդաղ, պետք է հիշել, որ ամուր պտուղ գնելիս տնային պայմաններում այն կհասունանա 2 օրում։ Մրգի վրա մուգ հետքերը գերհասունացման մասին են վկայում։ Հասունացած ավոկադոն սառնարանում կարելի է պահել 5 օր, ապա միրգը կորցնում է օգտակարությունը, թարմությունը, բույրը։ Կարևոր է հիշել՝ չհասունացած ավոկադոն սառնարանում դնել չի կարելի. միրգը չի հասունանա, կփչանա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։