12/05/2022 16:10
Ինչպե՞ս օգնել երեխային արագ յուրացնել բազմապատկման աղյուսակը
Շատ ծնողներ կարծում են, որ երեխաների՝ բազմապատկման աղյուսակն արագ սովորելու միակ տարբերակն այն ամբողջությամբ անգիր անելն է։ Սակայն գոյություն ունեն երեխայի համար առավել հետաքրքիր ձևեր։
Հաճախ երեխաները չեն կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ պետք է սովորել բազմապատկման աղյուսակը, եթե կա հաշվիչ։ Փոքրիկներին կարելի է բացատրել, որ դա իրենց պետք կգա, օրինակ, խանութ գնալիս, միանման մի քանի ապրանքի գին հաշվելու համար։ Բացի այդ՝ բազմապատկման աղյուսակն անհրաժեշտ է հետագայում մաթեմատիկա սերտելու համար։
Որ տարիքում սովորել բազմապատման աղյուսակը
Մանկավարժների կարծիքով՝ բազմապատկման աղյուսակը երեխաներին կարելի է սովորեցնել նախադպրոցական տարիքից՝ օրինակ ցույց տալով, որ երկու շարքով դասավորված երեք խորանարդիկները վեց հատ են։ Այնուհետ թույլ տալ երեխային ինքնուրույն նման օրինակներ կազմել։
Սկզբի համար կարելի է օգտագործել ձեռքի տակ եղած առարկաները՝ մատիտներ, խաղալիքներ։ Օգնության կարող են գալ նաև մատները:
Ծնողները չպետք է մոռանան, որ 3 անգամ 2-ը նույնն է, ինչ 2 անգամ 3-ը և երեխային սովորեցնեն բազմապատկման աղյուսակի կեսը։ Բացի այդ՝ պետք է հուշել, որ թիվը տասով բազմապատկելը շատ հեշտ է և անգիր անել չի պահանջում, ինչպես նաև թիվը մեկով բազմապատկելով՝ նույն թիվն է ստացվում։
Սա զգալի կհեշտացնի աշխատանքը և երեխային կտրամադրի առավել հաճույքով սովորելբազմապատկման աղյուսակը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։