12/05/2022 20:15
Հղիության գծեր. առաջացման պատճառները, կանխումը
Հղիության ընթացքում կանանց ամենից շատ անհանգստացնում են հղիության գծերը՝ մաշկի ձգվածության հետքերը։ Դրանք կարող են լինել բաց երանգից մինչև վառ կարմիր, առավել հաճախ առաջանում են որովայնի, կրծքի, ազդրերի հատվածում։ Ծննդաբերությունից հետո գծերը բաց երանգի են դառնում, բայց չեն անհետանում։
Առաջացման պատճառները՝
Կորտիզոլի, պրոգեստերոնի, էստրոգենի արտադրության ավելացումը հանգեցնում է էլաստինի և կոլագենի սինթեզի համար պատասխանատու ամինաթթուների քանակի նվազման։
Որոշ ուսումնասիրություններ հավաստում են, որ 30-ից բարձր տարիքի կանանց դեպքում հղիության ընթացքում գծերի առաջացման հավանականությունը նվազում է։
Գծերի առաջացմանը նպաստում են նաև քաշի կտրուկ ավելացումը, մաշկի ոչ լիարժեք խնամքը։ Գենետիկ նախատրամադրվածությունը ևս գործոն է գծերի առաջացման հարցում։ Կանխելու համար կարևոր է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելը, բավարար խոնավեցնելը։
Կոլագեն-էլաստին հիդրոլիզատներ, Վիտամին Е, վիտամին C, ժոժոբայի յուղ, վիտամին А, վիտամին Е պարունակող քսուքները կարող են արդյունավետ լինել գծերի կանխարգելման համար:
Օգտակար են ֆիզիկական վարժությունները. անգամ նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մաշկի առողջության համար դրական ազդեցություն ունի։ Ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը կօգնի պահպանել կազմվածքը, նվազեցնել այտուցների առաջացման հավանականությունը, ամրացնել մկանները, ինչպես նաև արագ վերականգնվել ծննդաբերությունից հետո։
Կազմվածքը, մաշկի որակը պահպանելու համար խիստ կարևոր է առողջարար սննդակարգը. այն պիտի ներառի՝
Սպիտակուցային մթերքներ (միս, ձուկ, ձու), որ օրգանիզմն ապահովում են մագնեզիումով, սպիտակուցով, երկաթով, B խմբի վիտամիններով։
Առողջարար ճարպեր ( չիայի սերմեր, ընդեղեն, ավոկադո), որ կարգավորում են արյան մակարդելիությունը, դանդաղեցնում ծերացման գործընթացը։
Բանջարեղեն, մրգեր, որ հակաօքսիդանտների անփոխարինելի աղբյուր են, պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, թաղանթանյութ։
Հատիկեղեն (բրինձ, վարսակ, ձավար), որ օգտակար ածխաջրերի աղբյուր են. պարունակում են նիացին, թիամին, թաղանթանյութ։
Կաթնամթերք, որ ապահովում է կալցիումի, սպիտակուցի, ռիբոֆլավինի պաշարը։ Սննդակարգից պետք է բացառել բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։