12/05/2022 15:50
Մանկական սկոլիոզ. ի՞նչ պետք է իմանալ երեխայի ողնաշարն ախտահարող հիվանդության մասին
Ողնաշարի հետ կապված խնդիրներ կարող են ի հայտ գալ ինչպես մանկական, այնպես էլ հասուն տարիքում։ Ամենատարածված խնդիրներից մեկը, թերևս, սկոլիոզն է (ողնաշարի ծռումն իր նորմալ դիրքից), որը ժամանակին չբուժելու դեպքում կարող է լրջորեն վնաս հասցնել առողջությանը։
Aysor.am-ի թղթակիցը մանկական սկոլիոզի մասին խոսել է մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Դավիթ Սեկոյանի հետ։
Ըստ մասնագետի՝ տարբերում են սկոլիոզի երկու տեսակ՝ բնածին և իդիոպաթիկ (ձեռքբերովի)։
«Բնածին սկոլիոզն իրենից ողնաշարի ձևավորման խնդիր է ներկայացնում։ Հայաստանում բնածին սկոլիոզի դեպքերը բավական շատ են՝ հավանաբար կապված վատ էկոլոգիայի հետ. մենք, գոնե, այդպես ենք ենթադրում։ Իդեոպաթիկ սկոլիոզի մասին խոսելիս նույնն ասել չենք կարող. այս դեպքում աճի միտում չենք նկատում»,- ասաց բժիշկը։
Դավիթ Սեկոյանի խոսքով՝ իդիոպաթիկ սկոլիոզն ավելի շատ հանդիպում է աղջիկ երեխաների մոտ. նրանց բաժին է ընկնում դեպքերի մոտ 80-90 տոկոսը։ Հիվանդությունը հիմնականում նկատվում է 10-11 տարեկանում, այն դեպքում, երբ տղա երեխաների մոտ հիվանդության ախտանշանները կարող են ի հայտ գալ 12-13 տարեկանում։
«Ինչ վերաբերում է մանական սկոլիոզի բուժմանը, ապա եթե ողնաշարի թեքությունը մինչև 20 աստիճան է, բուժական միջամտությունները էֆեկիվ չեն։ 20 աստիճանից ավելի թեքության դեպքում միակ ապացուցված և արդյունավետ մեթոդը կորսետավորումն է։ Կորսետն էֆեկտիվ է, քանի դեռ երեխան աճի պրոցեսի մեջ է՝ աղջիկները մինչև 15, տղաները մինչև 16 տարեկան»,- ասաց մանկական օրթոպեդ-վնասվածքաբանը։
Հարցին՝ արդեն վերարտադրողական տարիքում հիվանդությունը կարո՞ղ է աղջիկների մոտ խոչընդոտներ առաջացնել՝ երեխային կրելու և ծննդաբերության ժամանակ, Դավիթ Սեկոյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իր պրակտիկայում ժամանակին սկոլիոզ ունեցած, ընդհուպ վիրահատված, սակայն այժմ բարեհաջող ծննդաբերած շատ աղջիկներ կան։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։