12/05/2022 19:34
«Համայնքների ղեկավարներ, միացե՛ք․ չեզոք դիրք գրավելը հարգալից չէ մեր երկրի նկատմամբ»․ Գեղամասարի համայնքապետ
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքի ժամանակ կոչ ուղղեց Հայաստանի մյուս համայնքների ղեկավարներին՝ միանալ համընդհանուր պայքարին։
«Չեզոք դիրք գրավելը հարգալից չէ մեր երկրի նկատմամբ։ Համայնքների հարգելի՛ ղեկավարներ, կոչ եմ անում՝ բոլորով համախմբվել։ Այս ծանր վիճակից դուրս գալ է պետք։ Չի կարելի վստահել այս ղեկավարությանը, որը դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի կամակատարը»,- ասաց Հակոբ Ավետյանը։
Նա հավելեց՝ ժողովրդի մեծամասնությունը կողմ է պայքարին ու մեկնարկած շարժմանը, նրանց կողքին պետք է լինեն նաև համայնքների ղեկավարները։
«Համայնքների ղեկավարներ, միացե՛ք։ Հասկանալի է ձեր լռության պատճառը՝ կենթարկվեք քաղաքական ճնշումների, բայց Հայաստան պետության արժեքը մի՛ համեմատեք ոչ մի բանի հետ և համախմբվեք»,- ասաց Գեղամասարի համայնքապետը։