12/05/2022 13:50
Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի. 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների միջնորդությունը բավարարվել է
Զոհված զինծառայողների ծնողները Զինվորական քննչական վարչությունում քննվող քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ բոլոր ծնողները հարցաքննվել են։
«Խիստ իրավական գնահատական է տրված արարքներին, մասնավորապես, հստակ անվանումներ նշված չեն, նշված է, որ մի խումբ պաշտոնատար անձինք կատարել են այնպիսի գործողություներ, որոնք ազդել են բանակի մարտունակության վրա», - ասաց փաստաբանը։
Նա նշեց, թե բոլոր ծնողները նշել են, որ իրենց պահանջը բավարարված չէ, քանի որ միակ պատասխանատուն ու միակ մեղավորը իրենց որդիների զոհվելու համար Նիկոլ Փաշինյանն է։
Փաստաբանն ասաց, որ միջնորդություն էին ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
«Դատախազը վարույթն իրականացնող մարմնին ցուցում է տվել, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի», - հայտարարեց փաստաբան Հովհաննիսյանը։
Թե երբ կհարցաքննվի վարչապետը, դեռ հայտնի չէ. քննիչն ինքը կորոշի երբ Նիկոլ Փաշինյանին կանչել հարցաքննության։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:
Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել էր:
«Միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը»,- այս մասին Aysor.am-ին հայտնել էր Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։