12/05/2022 09:55
«Հրապարակ». Միջազգային կառույցներին են ներկայացվել մարդու իրավունքների խախտումների, ոտնահարումների դեպքերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը միջազգային կառույցների հետ աշխատող խումբ է ստեղծել՝ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ղեկավարությամբ։ Միջազգային կառույցներին են ներկայացրել մարդու իրավունքների խախտումների, ոտնահարումների դեպքերը՝ կոչ անելով գնահատականներ հնչեցնել։ Խմբում են պատգամավորներ Աննա Մկրտչյանը, Էլինար Վարդանյանը, Արթուր Ղազինյանն ու Արթուր Խաչատրյանը։ Սակայն նրանք ի սկզբանե դեմ են եղել գործընթացին, քանի այդ կառույցներին համարում են Փաշինյանի հովանավորը։ Գրագրությունն իրականացնում է հիմնականում Թովմասյանը։
Նամակներ են ուղարկվել ոչ միայն արևմտյան կառույցներին, այլև՝ ռուսներին։ Արևմտյան կառույցներն իրենց պահում են այնպես, ինչպես 44-օրյայի ժամանակ՝ հավասարության նշան դնելով իշխանության և ցուցարարների միջև։ Իսկ ռուսները տեղեկացրել են, թե հետևում են իրադարձություններին։ Արթուր Ղազինյանն ասաց. «Տեղեկացնում ենք իշխանությունների թույլ տված ապօրինությունների, խաղաղ ակցիաների դեմ ոստիկանության բիրտ ուժի կիրառման, մարդու իրավունքներին առնչվող բազմաթիվ խախտումների մասին... Իհարկե, աշխարհաքաղաքական շահերը կարևոր են, բայց դժվար կլինի այդ կառույցներին բացահայտ արհամարհել իրենց իսկ հռչակած արժեքներն ու սկզբունքները»»։