12/05/2022 09:40
«Փաստ». ՔՊ խմբակցությունում ծայրահեղ լարված ու անառողջ մթնոլորտ է
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում ծայրահեղ լարված ու անառողջ մթնոլորտ է, պատգամավորների մեծ մասը շատ նեղված է այս վիճակից, նեղ շրջանակներում դժգոհություններ են հնչում, թե «էլ դիմանալ չի լինում, փողոց դուրս գալ չի լինում, շատ թաթախվեցինք, դեռ այս երկրում պետք է ապրենք»:
Դժգոհությունների ու լարվածության բավականին առիթ կա նաև սեփական թիմակիցներից: Մասնավորաբար, Վահագ Ալեքսանյանը խմբակցության պատգամավորների կողմից նոր մականուն է ստացել «գեստապոյական» որակմամբ՝ նրա համար, որ Փաշինյանի մոտ շարունակաբար «բոչկա է գլորում» այն պատգամավորների վրա, որոնք ընդդիմության, «նախկինների» մասին գրառումներ կատարելու առումով պասիվ են կամ ընդհանրապես «չկան»:
Դժգոհություն կա նաև խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից, որ նա պաշտոնական հնարավոր բոլոր պատվիրակությունների կազմում ընդգրկվում է և բյուջեի հաշվին շրջագայում: Նա էլ է թիմակիցների կողմից մականուն ստացել՝ «տուրիստ»: Մի խոսքով, իշխանության ճամբարում արշալույսներն ամենևին էլ խաղաղ չեն, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը»։