13/05/2022 20:00
«Nrene» դեմքի և մաշկի խնամքի հայկական արտադրանքը գեղեցիկ և առողջ տեսքի գրավական
«Nrene» խնամքի միջոցների հայկական բրենդը ստեղծվելով 2019 թվականին, կարճ ժամանակահատվածում հասցրեց սիրվել և ընդունվել ներքին շուկայում` հոգատար գործունեության ու արտադրվող տեսականու որակի շնորհիվ։
Aysor.am-ի զրուցակիցը բրենդի հիմնադիր Մարիամ Գնելյանն է, ում գաղափարի շնորհիվ այսօր շատ կանայք և աղջիկներ ունեն փայլուն և հարթ մաշկ։
«Մանկուց ձևավորված սերը դեպի բնությունը, պետք է հասուն տարիքում վերածվեր աճող բիզնեսի։ Ավարտելով ԵՊՀ Դեղագիտական քիմիայի ֆակուլտետը սովորեցի տիրապետել բազմաբնույթ նյութերի։ Ավելի ուշ, որոշեցի գիտելիքներս գործնականում կիրառել և սկսեցի հենց իմ և ընտանիքիս անդամների համար պատրաստել խնամքի բնական միջոցներ: Տեսնելով արդյունավետությունը որոշեցի փոքր քայլերով առաջ շարժվել։ Շուտով ավելացրի տեսականին, որից հետո տարբերանշանը որոշեցի՝ ընդգծելով հայկականությունը՝ հիմքում օգտագործելով հայկական նախշերը», - մանրամասնեց բրենդի հիմնադիրը:
Խնամքի միջոցները ստեղծվում են միայն բնական բարձրորակ նյութերից` վնասակար քիմիական բաղադրիչներից զերծ, որոնց հումքը ներքին շուկայում ոչ միայն առանձնահատուկ է, այլև նպաստում է մի շարք մաշկային խնդիրների շուտափույթ վերացմանը։
Մարիամ Գնելյանը նշեց նաև,որ «Nrene»-ի հայկականությունը միջոց է` ներկայանալու միջազգային հանրությանը և ապացուցելու, որ հայկական արտադրանքը կարող է լինել մրցունակ։
«Երբ որոշեցի զբաղվել իմ ապրանքանիշով՝ հստակ գիտակցում էի, որ ոլորտը Հայաստանի Հանրապետության համար բարդ է տրվում։ Սակայն հնարավոր բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե վերջնարդյունքի նկատմամբ անսահման հավատով ես լցված։ Ոլորտային հիմնական խնդիրը որոշակի հումքի և տարաների ներմուծումն է. հումքի մի մասը ներմուծվում է, որը ժամանակատար պրոցես է և երբեմն բարդություններ է առաջացնում»,- ասաց բրենդի հիմնադիրը։
«Nrene»-ում ամենահետաքրքիրն ու տպավորիչը հետևելն է, թե ինչ արտադրական փուլերով են անցնում ապրանքանիշները՝ նախքան սպառողին հասնելը։ Ամենասկզբում արտադրությունը սկսվում է հումքի պահեստավորմամբ, զուգահեռ հաշվարկվում է տվյալ արտադրության համար անհրաժեշտ հումքի քանակը, այնուհետև սկսվում է բուն արտադրական գործընթացը:
Նոր արտադրատեսակներ ստեղծելու համար պահանջվում է մի քանի ամիս, մինչև բաղադրության կազմումը, լաբորատոր փորձարկումները, այնուհետև որակի սերտեֆիկատ ստանալը: Այս փուլերից հետո կատարվում է նմուշների փորձաքննություն՝ արտադրանքներն անցնում են համապատասխան փորձարկումները և դրական արդյունքների դեպքում անցնում շշալցման, պիտակավորման և պատրաստի արտադրանքի պահեստավորման փուլերով:
Շատ կարևոր է նշել, որ ցանկացած արտադրական փուլից վերցվում է փորձանմուշ, որը պահվում է լաբորատորիայում` հետագա անհրաժեշտ փորձարկումների համար:
«Բրենդի հաջողություններից մեկն այն էր, որ մենք ի սկզբանե ստացել ենք ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր: Ինձ համար շատ զարմանալի և մյուս կողմից պարտավորեցնող է, որ «Nrene»-ի շուրջ 40 արտադրատեսակներից 20-ը մեծ պահանջարկ ունեն։ Ամենամեծ պահանջարկն ունեցող միջոցներից են յուղոտ մազերի, մազաթափության ու թեփի դեմ, մազերի աճը արագացնող արտադրատեսակները։ Ինչպես նաև մաշկի ամենօրյա խնամքի համար անհրաժեշտ տեսականին՝ լվացվելու գելերը, խոնավացնող և սնուցող քսուքները, դիմակները, տոներները, թարթիչների և հոնքերի աճը խթանող յուղային միքսը»,- ասաց Մարիամ Գնելյանը։
Ապրանքատեսականու արժեքները տատանվում են 2300-ից 5000դրամի սահմաններում:
Խանութ-սրահը գտնվում է Մասիս քաղաքում: Բրենդը համագործակցում է Երևանում և այլ մարզերում առկա կոսմետիկայի խանութների և դեղատների հետ: Գործում է առաքման ծառայություն Երևանում և փոստային առաքում դեպի մարզեր:
Մարիամ Գնելյանն իր հաջողության հիմքում դրել է այն սերն ու ազնվությունը, որ առկա է «Nrene»-ում և, կարելի է ասել, հենց դա է հաճախորդների վստահության գրավականը։
«Ես ներշնչվում եմ ամենատարբեր երևույթներից։ Բրենդի ստեղծման սկզբնական շրջանում իմ հաճախորդների կարծիքներով էի ոգեշնչվում։ Իմ աշխատանքում մոտիվացնող գործոնն իմ հաճախորդի բարձր գնահատականն է», - ասաց նա:
Ներկայումս բրենդն աշխատում է 7 հոգուց բաղկացած թիմով։
Այս փուլում ապրանքանիշն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, քննարկումների փուլում է ԵՄ և ԱՄՆ արտահանելու գործընթացը:
«Nrene»-ի հիմնական կարգախոսն է` աշխարհում չկա անհնարին ոչինչ, միայն ցանկություն է պետք:
«Պետք է գնահատել բնականը, քանի որ գեղեցկությունը սկիզբ է առնում բնությունից: Անհրաժեշտ է ապահովել որակ, աչալուրջ լինել հաճախորդի կարծիքին. դրական կարծիք հայտնող հաճախորդը ուժ է տալիս, իսկ քննադատող հաճախորդը ցույց է տալիս թերացումները, որոնց հետևողական լինելու դեպքում էլ ավելի կարելի է զարգացնել սեփական բիզնեսը», - խոսքն ավարտեց բրենդի հիմնադիր Մարիամ Գնելյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։