13/05/2022 19:15
Այրոց, ծակծկոց, աչքում ավազի զգացում. «Չոր աչք»-ի կանխումը, բուժումը
«Չոր աչք»-ի համախտանիշն ակնաբույժի այցելելու ամենատարածված պատճառներից է։ Չոր աչք բնորոշվում է, երբ աչքի արտաքին մակերևույթը (շաղկապենին, եղջերաթաղանթը) անբավարար է խոնավանում՝ պայմանավորված արցունքի որակի կամ քանակի նվազումով։
Աչքի չորությունը քրոնիկ վիճակ է, թեթև դեպքերում առաջացնում է դիսկոմֆորտի զգացում, իսկ ծանր դեպքերում՝ աչքի մակերեսի վնասվածքներ և տեսողական խնդիրներ։ Արցունքի որակական փոփոխություն հաճախ դիտվում է կոպեզրերին տեղակայված մեյբոմյան գեղձերի խցանման դեպքում։ Այս գեղձերն արտադրում են լիպիդներ (արցունքի բաղադրիչներից են), որ խոչընդոտում են աչքի մակերեսը պատող արցունքի ջրային մասի գոլորշիացմանը և աչքի չորացմանը։
Աչքի չորությանը նպաստող գործոններից են՝
• Ծերությունը (տարիքին զուգընթաց մեյբոմյան գեղձերի ֆունկցիան թուլանում է, փոխվում է արցունքի բաղադրությունը)
• Կոպերի քրոնիկ բորբոքումը (բլեֆարիտ)
• Միջավայրի գործոնները՝ (օդորակիչներ, ջեռուցում, քամի)
• Հորմոնալ փոփոխությունները կանանց դեպքում (մենոպաուզան)
• կոնտակտային լինզաների հաճախակի կրելը
• դեղորայքը (հակադեպրեսանտներ, հակահիստամինայիններ)
• երկար ժամանակ առանց թարթելու էկրանին նայելը
• աուտոիմուն հիվանդությունները
• շաքարային դիաբետը
• ծխախոտի ծուխը։
Աչքի չորության ախտանշաններն են՝
• աչքերի կարմրություն
• այրոցի, ծակծկոցի, աչքում ավազի զգացում
• կոպերի ծանրության զգացում
• լուսավախություն
• տեսողության վատացում
Այս ախտանշանների դեպքում անպայման պետք է դիմել ակնաբույժի: Ախտորոշման նպատակով անցկացվում է կոպերի և աչքի մակերևույթի զննում: Բուժման համար շատ կարևոր է նախ պարզել ու վերացնել այն գործոնը , որը դեր ունի աչքի չորության առաջացման մեջ։ Բուժումը ներառում է կոպերի հիգիենա, հակաբորբոքային և հակամանրէային միջոցներ, արհեստական արցունքի կաթիլներ:
Աչքերի չորությունը կարելի է կանխել հանգստի միջոցով (երկար կարդալուց կամ էկրանին նայելուց հետո), խուսափելով օդորակիչների երկարատև օգտագործումից, սննդակարգում ընդգրկելով օմեգա 3-ով հարուստ մթերքներ (ընկույզ , ծովամթերք), հրաժարվելով վնասակար սովորություններից (ծխախոտ, ալկոհոլ):
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։