13/05/2022 19:30
Հղիության շրջանում քաշի ավելացումը միջինում 10-12 կգ է. կնոջ ֆիզիոլոգիական փոփոխությունները հղիության ընթացքում
Հղիության առաջին օրվանից սկսած կնոջ օրգանիզմում տեղի են ունենում ֆունկցիոնալ փոփոխություններ՝ մենստրուալ ցիկլի ընդհատում (պայմանավորված ձվարանների և արգանդի լորձաթաղանթի փոփոխություններով), մարմնի ջերմության բարձրացում (գլխուղեղի ջերմակարգավորման կենտրոնի վրա ձվարանային պրոգեստերոնի ազդեցության հետևանքով) , ընկերքի ձևավորում (նոր ներզատիչ գեղձ), փոխվում է արյան կազմը և մակարդելիությունը։ Այսպիսով հղիության սկզբից օրգանիզմը վերակազմավորվում և պատրաստվում է պտուղը կրելուն, ծննդաբերելուն և երեխային կերակրելուն:
Բեղմնավորված ձվաբջջի արգանդի պատին ներդրման տեղում ձևավորվում է ընկերքը (պլացենտա): Ընկերքն ունի երկու մակերես՝ պտղային և մայրական: Այն ապահովում է նյութափոխանակությունը մոր և պտղի միջև առանց արյունների խառնմամբ։ Ընկերքի ամբողջականության խախտումը հանգեցնում է պտղի սնուցման խանգարման և մահվան։
Ընկերքը նաև ներզատիչ գեղձ է և արտադրած հորմոնները հանգեցնում են մաշկում գունային փոփոխությունների (այտեր, որովայնի սպիտակ գիծ, հարպտկային շրջանի մգացում), կրծքագեղձերի մեծացման և ցավոտության (հղիության երկրորդ կեսին հնարավոր է կաթի արտազատում ), վահանաձև գեղձի մեծացման։ Որովայնի առաջային պատի ձգմամբ պայմանավորված առաջանում են գծեր, դրսևորվում է ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացում, «հպարտ կեցվածք»՝ պայմանավորված մարմնի ծանրության կենտրոնի փոփոխությամբ, մարմնի քաշի ավելացում՝ պտղի զանգվածի, հյուսվածքներում հեղուկի կուտակման հաշվին (միջինում քաշի ավելացումը 10-12 կգ է, որից 5-6-ը պտուղն է հարպղային ջրերով:
Հղիության ընթացքում ամենաշատը փոխվում է արգանդը. այն 50 -100 գրամից դառնում է 1-2 կգ, տարողությունը մեծանում է մինչև 500 անգամ, երկարությունը 10 սմից դառնում է 50 սմ։ Արյան շրջանառությունն արգանդում մեծանում է տասնյակ անգամ, ինչն ապահովում է պտղի լիարժեք սնուցումը. պտղի համար ունի կենսական նշանակություն մոր սթրեսային վիճակներում (արյունահոսություն, անեմիա)։
Հղիության ընթացքում Բոլոր օրգանները փոփոխվում են հօգուտ պտղի աճի ու զարգացման: Հարվահանձևային գեղձերը գերաՃում են, ուժեղանում է նրանց ֆունկցիոնալ ակտիվությունը և մեծանում է կալցիումի յուրացումը պտղի կողմից: Կալցիումը կարևոր է պտղի հենաշարժիչ համակարգի ձևավորման համար: Կնոջ՝ կալցիումի անբավարար ընդունման դեպքում պտուղն այն ստանում է մոր օրգանիզմի հյուսվածքներից (ոսկրեր, ատամներ), որը հանգեցնում է օստեոպորոզի, կոտրվածքների և ատամների կարիեսի։
Ակտիվանում է ենթաստամոքսային գեղձը, ուժեղանում է ինսուլինի սինթեզը և պտղի կողմից գլյուկոզայի յուրացումը: Երիկամներում մեծանում է արյունահոսքը, զտման գործընթացը, որը պայմանավորված է պտղից մոր օրգանիզմ անցնող կենսագործունեության արգասիքներով։ Մեծանում է երիկամային կծիկների թափանցելիությունը, մեզի մեջ հայտնվում են սպիտակուցներ, գլյուկոզա։
Բնորոշ է ախորժակի աղավաղումը (օրինակ զզվանք մսի նկատմամբ), աշխատունակության անկումը, քնկոտությունը կամ անքնությունը, սրտխառնոցը, երբեմն փսխումը, դյուրագրգռությունը: Կարող է թուլանալ աղիների տոնուսը, որը դրսևորվում է փորկապությամբ, գազերի կուտակումով։ Կարևոր է հիշել՝ հղիություն պլանավորելուց 2-3 ամիս առաջ անհրաժեշտ է այցելել բժշկի, անցնել համապատասխան հետազոտություններ՝ կանխելու հնարավոր բարդությունները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։