13/05/2022 18:29
Մենք իշխանություն չենք ուզում, մենք լավ իշխանություն ենք ուզում․ պայքարում ենք, որ չունենանք ծնկած ազգի համբավ․ Արմեն Աշոտյան
Դիմադրության երթի մասնակիցները շարունակում են շրջափակած պահել Կառավարության երրորդ մասնաշենքը։ Բողոքի գործողության ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ իրենց պայքարը ոչ թե իշխանություն լինելու, այլ լավ իշխանություն ունենալու համար է։
«Ուզում ենք, որ մեր երկիրը ղեկավարեն մարդիկ, որոնք արժանի են դրան։ Այնպիսի կրթության նախարար ենք ուզում, որ ամոթ չզգանք, երբ այդ մարդը երկիր է ներկայացնում, որ ամոթ չզգանք, երբ այդ մարդը մի կողմից, իբրև թե, մեր երեխաների դաստիարակությանբ է զբաղվում, մյուս կողմից մասնակցում է մեր հայրենիքի վաճառքին։
Մենք այդպիսի իշխանություն ենք ուզում։ Մենք իշխանություն չենք ուզում, մենք լավ իշխանություն ենք ուզում։ Սա է մեր տարբերությունը Նիկոլից, սա է մեր տարբերությունը բոլոր մնացած մարդկանցից, ովքեր որ մի անգամ նստում են աթոռին, հետո նրանց «լոմով» պոկել չի լինում։ Եթե լոմով չպոկենք, աթոռով միասին ենք շպրտելու»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Նա հավելեց՝ այս պայքարի արդյունքում է, որ հայը վերագտնելու է իր արժանապատվությունը և այնպես, ինչպես 30 տարի շարունակ է եղել, կրկին կարողանալու է հպարտությամբ նայել աշխարհի աչքերին։
«Պայքարում ենք, որ չունենանք ծնկած ազգի համբավ, որ չունենանք անարժանապատիվ ազգի համբավ։ Այդ համբավը մեզ բերել է Նիկոլը, և նրա հեռացումով հայ ազգի թասիբը, պատիվը, նամուսը, արժանապատվությունը վերականգնվելու է։
Այլևս ոչ ոք դրսում ինձ չի հարցնի՝ այդ ո՞նց եղավ, որ պատերազմում պարտված մարդը վարչապետ դարձավ, ու ես այդ հարցի պատասխանը չունենամ»,- նշեց Արմեն Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց՝ պատերազմում պարտություններ լինում են, պարտվելն ամոթ չէ, ամոթ է և անարժանապատիվ է դավաճան ղեկավար ունենալը, ով աշխարհի տարբեր մայրաքաղաքներում աճուրդի է հանել բոլորիս հայրենիքը։