13/05/2022 11:51
Միայն առողջ պահպանողականությունն է ի վիճակի սինթեզել առաջընթացը և դրանով իսկ փրկել երկիրը. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երբ համաշխարհային քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները մտել են մերկ աշխարհաքաղաքականության հարթություն, որը բնութագրվում է ազգային շահերի, ռազմավարական և մարտավարական հաշվարկների գերակայությամբ, որտեղ իրավունքներն ու օրենքները գործնականում դադարել են նշանակություն ունենալ, գլխավոր հրամայական է հանդիսանում հզոր ազգային արժեհամակարգի պահպանումը հասարակական կյանքում, պետականաշինության և արտաքին քաղաքականության մեջ։
Այո՛, սա ցինիզմի և կեղծավորության աշխարհում մարտահրավերներն ու վտանգներն արդյունավետորեն հաղթահարելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է: Ներքին և արտաքին թշնամական վեկտորները քաջ գիտակցում են դրա կարևորությունը և ամեն կերպ փորձում են խարխլել արժեհամակարգը, փոխարինել դրանք, ծաղրել ավանդույթներն ու սկզբունքները՝ դրանք ներկայացնելով որպես հետամնաց անցյալի մնացորդներ։
Շատ երկրներ սրա զոհն են դարձել։ Միայն առողջ պահպանողականությունն է ի վիճակի սինթեզել առաջընթացը, ավանդույթներն ու արժեքները և դրանով իսկ փրկել երկիրն ու ժողովրդին այս անբարեխիղճ աշխարհում»։