13/05/2022 13:31
Բանկային քարտով գնումներ անելու դեպքում թոշակառուները որոշակի զեղչեր կստանան. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը սոցիալական նշանակության նոր համակարգ կներդնի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դրանով՝ թոշակառուի կողմից բանկային քարտով գնումներ անելու դեպքում որոշակի տոկոսով գումար հետ է փոխանցվելու նրա քարտին։
«Մենք արդեն այս տարվանից կենսաթոշակների անկախնիկ վճարման ծավալներն ընդլայնել ենք, առաջիկայում ներդրում ենք հետևյալ համակարգը, որ ՀՀ բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ, այսինքն՝ եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե այդ գործարքների տվյալների վերլուծության արդյունքում կկարողանան առավել արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը։ Վարչապետի խոսքով՝ կսահմանվի, օրինակ, մինչև 10 տոկոս զեղչ։
«Մենք բանավոր խոսակցություն ենք ունեցել տարբեր ընկերությունների հետ, բայց ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ, որ նման նախագիծ կա, հույս ունեմ՝ այն ընկերությունները, որոնց չենք դիմել, իրենք էլ նախաձեռնություն կցուցաբերեն», - նշեց վարչապետը։