13/05/2022 11:24
Հանգամանքների բերումով Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարևոր ներդրում է. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ պետական բյուջեով նախատեսված պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման միջոցառման շրջանակներում 2022 թվականին իրականացվող շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության համար:
Նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՏԿԵ նախարարությանը հատկացնել 4 միլիարդ 750 միլիոն դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ավարտական փուլում են Մ2 միջպետական նշանակության ճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17,7 կմ հատվածը, Մ2 միջպետական նաշանակության ճանապարհի Սարավան-Սարալանջ 16,9 կմ հատվածը, Վարդավանք-Խդրանց-Ագարակ ճանապարհի 13,1 հատվածը, Մ11 միջպետական նշանակության ճանապարհի Մարտունի-Աստղաձոր5,9 կմ հատվածն ու ևս մի շարք ճանապարհային հատվածներ:
Փաշինյանն ասաց, թե Սյունիքի մարզում ճանապարհների նորոգման հետ կապված բավական մեծ ծավալ կա. աշխատանքներն սկսվել են ու շարունակվում են:
Նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե պլանն այնպիսին է, որ Սյունիքում մինչև տարեվերջ վարորդները կարողանան ուղևորվել Նորավանով, Լծենով դեպի Տաթև:
«Վերջնական տեսքով կունենանք եռաշերտ ասֆալտապատում, բայց այս պահին քննարկում ենք այս տարի ամբողջ հատվածը երկշերտ ասֆալտապատել, որը նորմալ երթևեկելի կլինի», - ասաց նախարարըՙ նշելով, որ երրորդ շերտը կթողնեն հաջորդ տարվա համար:
Սանոսյանի խոսքովՙ Մ2-ի Սիսիանի հատվածից մինչև Տաթև կլինի նոր ճանապարհ:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ ասաց, որ մարզում ճանապարհաշինարարական աշխատանքները լայ թափով են ընթանում, որոշակի խնդիրներ կան Տաթև-Աղվանի հատվածում, որը մոտ ապագայում կվերացվի:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե պետք է աշխատել պրոբլեմները վերացնել ու ճանապարհը բերել պատշաճ վիճակի:
«Մենք կունենանք շատ ավելի լավ, շատ ավելի արագընթաց ճանապարհ։ Կարծում եմ՝ Սյունիքի մարզի զարգացման համար շատ էական նշանակություն կունենա: Հիմա մենք, հանգամանքների բերումով, Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարևոր ներդրում է», - ասաց վարչապետը: