14/05/2022 10:40
Մեզ անհանգստացնում են ՀՀ լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ բռնությունները՝ բողոքի ակցիաների ժամանակ. Freedom House
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ կոչ անելով ակցիաների մասնակիցներին խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Freedom House-ն այս մասին հրապարակում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Կազմակերպությունից նախ նշել են, որ իրենց անհանգստացնում են Հայաստանում լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ տեղի ունեցող բռնությունները՝ բողոքի ակցիաների ժամանակ:
«Կոչ ենք անում ժողովրդին խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները և ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժ կիրառելուց»,- ասված է հայտարարությունում:
Ապա կազմակերպությունից հավելել են՝ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են՝ երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները՝ ժողովրդավարական նորմերին, ստանդարտներին համապատասխան: