14/05/2022 13:30
Բրոկոլիի օգտակար հատկությունները
Բրոկոլին սննդարար նյութերով հարուստ բանջարեղեն է։ Օգտակար է մարսողական, սիրտ-անոթային, իմունային համակարգի համար, ունի նաև հակաբորբոքային, հակաքաղցկեղային հատկություններ (հայտնի է, որ խաչածաղկավորների դասին պատկանող բոլոր բանջարեղենները կանխում են ստամոքսի, աղու քաղցկեղի առաջացումը):
Պարունակում է մեծաքանակ թաղանթանյութ, վիտամին C, կալցիում, B6, А վիտամին, ինչպես նաև պրոտեիններ։ Հակաօքսիդանտների, բուսական գունանյութի աղբյուր է։
Հակաօքսիդանտներն օգնում են օրգանիզմում չեզոքացնել ազատ ռադիկալները, որ նպաստում են քաղցկեղի առաջացմանը։ Բրոկոլիում կան նաև մագնեզիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ։
Բանջարեղենը հատկապես օգտակար է ճարպակալում, շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։ Հատկապես կարևորվում է բրոկոլիում հզոր հակաօքսիդանտների (սուլֆորֆան, ինդոլ-3-Կարբինոլ) պարունակությունը, որ ունեն դետոկսիկացնող հատկություն, կարող են ազդել էստրոգենների մակարդակին, որոնք էլ նվազեցնում են կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Բրոկոլին նաև նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև ամրացնում է անոթների պատերը։ Բրոկոլիի մեջ սուլֆորֆանի պարունակությունը կանխում է աթերոսկլերոզի զարգացումը։ B խմբի վիտամինները կարգավորում են հոմոցիստերինի մակարդակը (ամինաթթու է, որ օրգանիզմում հայտնվում է կարմիր մսի միջոցով և նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը)։
Բրոկոլին նաև լյութեինի աղբյուր է, որը դրական ազդեցություն ունի աչքի առողջությանը, տեսողությանը։
Բրոկոլիի կազմում մեկ այլ հակաօքսիդանտ՝ զեակսանտինը լյութեինի օգնությամբ կանխում են մակուլյար դեգեներացիայի զարգացումը (կենտրոնական տեսողությունն ախտահարող անբուժելի հիվանդություն) և կատարակտայի ցարգացումը (ոսպնյակի պղտորում):
Թաղանթանյութի բարձր պարունակության շնորհիվ բրոկոլին նպաստում է մարսողական համակարգի կարգավորմանը։ Թաղանթանյութն օգտակար է նաև աղիների միկրոֆլորայի հարցում։
Արյան մակարդելիությունը նվազեցնող հաբեր օգտագործողները պիտի զգուշորեն օգտագործեն բրոկոլի. բանջարեղենում վիտամին K-ն կարող է դեղերի հետ փոխազդեցությամբ նվազեցնել դեղորայքի արդյունավետությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։