14/05/2022 13:00
Հիշողության վատթարացման պատճառները, կանխարգելումը
Հիշողության վատթարացումը կարող է պայմանավորված լինել բնական պատճառներով (գերհոգնածություն) և ունենալ ժամանակավոր բնույթ։ Հիշողության վատթարացման հետևանքներ կարող են լինել ճանաչելու, մտածելու, հիշելու, որոշումներ կայացնելու և հաղորդակցվելու խնդիրները։
Անհանգստանալ պետք է՝
- Երբ մարդը մոռանում է ոչ միայն մանրուքները, այլ նաև կարևոր իրադարձությունները։
- Երբ բարդ է կենտրոնանալը, պատկերացումը թուլանում է, մի քանի անգամ նույն հարցը տալու կարիք է առաջանում։
- Երբ որոշումներ կայացնելու խնդիրներ են ի հայտ գալիս
- Բարդանում է ծանոթ պայմաններում կողմնորոշվելը և պարզ առաջադրանքներն անելը
- Խաթարվում են խոսքի և գրելու հմտությունները. մտքերն արտահայտելու բարդություններ են առաջանում
- Իրադարձությունների ժամանակային ընկալումն է խաթարվում, կեղծ հիշողություններ են ստեղծվում
- Վարքի փոփոխությունը նկատելի է դառնում շրջապատի համար
Հիշողության վատթարացմանը նպաստող գործոններից են՝ տարիքը (հատկապես 65-ից 70-ում պայմանավորված է գլխուղեղի ֆունկցիոնալ փոփոխությամբ), գենետիկ նախատրամադրվածությունը, զարկերակային գերճնշումը, խոլեստերինի մակարդակի բարձրացումը, ավելորդ քաշը, ֆիզիկական և սոցիալական ոչ բավարար ակտիվությունը։.
Պատճառներից են նաև՝
Գլխի վնասվածքները. հարվածները կարող են պատճառ դառնալ հիշողության վատթարացման, եթե անգամ մարդը չի կորցրել գիտակցությունը։
Թուլամտությունը 65-ից բարձր տարիքի մարդկանց դեպքում հիշողության վատթարացման ամենից տարածված պատճառներից է։
Թուլամտության մի քանի տեսակ կա՝ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ դիտվող թուլամտություն, անոթների ախտահարումով պայմանավորված թուլամտություն, ճակատ-քունքային թուլամտություն և թուլամտություն՝ գլխուղեղում Լևի մարմնիկների կուտակումով։
Գլխուղեղի հիվանդություններ. գլխուղեղում ինֆեկցիոն գործընթացները կարող են պատճառ դառնալ հիշողության վատթարացման։
Հոգեկան խանգարումներ և էմոցիոնալ խնդիրներ. սթրեսները, նյարդայնությունը, անհանգստությունը կարող են հանգեցնել մոռացկոտության, կենտրոնացման և այլ կոգնիտիվ խանգարումների։
Դեղամիջոցներ. բացասական հետևանքների թվում կարող են լինել նաև կոգնիտիվ խանգարումները։
Ալկոհոլիզմ. ալկոհոլից կախվածությունը զգալիորեն խաթարում է գլխուղեղի աշխատանքը, ինչը հանգեցնում է հիշողության վատթարացման, կոգնիտիվ խանգարումների
Հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի հիվանդություն). ախտանշաններն են թուլությունը, գերհոգնածությունը, քնի խանգարումը, հիշողության վատթարացումը։
Կրեյցֆելդ-Յակոբի հիվանդությունը (արագ զարգացող նյարդային համակարգը ախտահարող հիվանդություն է) ևս կարող է հիշողության վատթարացման պատճառ լինել։
Վիտամինների պակաս. հատկապես B-12 վիտամինները նպաստում են նյարդային բջիջների կենսունակությանը։ Հիշողության վատթարացման, կենտրոնացման խնդիրների պատճառ կարող են լինել ոչ առողջարար սննդակարգը, վիտամինների պակասը։
Անքնություն. քնի խանգարումը հանգեցնում է հոգնածության, որ բացասաբար է ազդում կոգնիտիվ ունակություններին։
Հիշողության խանգարումները կարող են լինել թեթև, ծանր, բայց բոլորն էլ գլխուղեղի որևէ հատվածի վնասման հետևանք են, օրինակ՝ միջային-քունքային բաժինը մասնակցում է էպիզոդիկ (կարճատև) հիշողության ձևավորմանը, իսկ լիմբիկ համակարգը մշակում է ինֆորմացիան և ձևավորում երկարատև հիշողություն։
Տարիքով պայմանավորված հիշողության վատթարացման պատճառները՝
Գլխուղեղի՝ հիշողության ձևավորման և վերականգմանը մասնակցող հատվածի՝ հիպոկամպի ֆունկցիոնալության նվազում։
Ինչպես նաև, երբ նվազում է հորմոնների և սպիտակուցների ակտիվությունը, որ պատասխանատու են նեյրոնների պաշտպանության և խթանման համար։ Նվազում է արյան հոսքը գլխուղեղ, ինչը հանգեցնում է հիշողության և այլ կոգնիտիվ ունակությունների խանգարման։
Հիշողության վատթարացման դեպքում չպետք է հրաժարվել առօրյա գործունեությունից, զբաղվածությունից։
Օգտակար են՝
Կանոնավոր ուսումառությունը. նոր գիտելիքները և մտավոր վարժությունները՝ հանելուկներ, խաղերը, խաչբառերը։ Առաջնային օգտագործման իրերը կարևոր է մշտապես նույն և տեսանելի վայրում դնելը։ Բավարար հանգիստը, քունը ևս խիստ կարևոր են։
Մերժելի է հիշողության վատթարացման դեպքում մեկուսացումը, սոցիալական կյանքից հրաժարվելը. հետազոտությունները ցույց են տալիս, որ ակտիվ սոցիալական կյանք վարող մարդիկ հիշողության վատթարացման, խանգարման հարցում պակաս խոցելի են։
Սննդակարգում կարևոր է ներառել Օմեգա 3 պարունակող մթերքներ՝ հունական ընկույզ, բրոկոլի, թունա ձուկ։ Հագեցած ճարպերը և բարձր կալորիականության մթերքների օգտագործումը պետք է սահմանափակել։
Պետք է հրաժարվել ոչ առողջարար սովորություններից. ծխախոտից, ալկոհոլից, սրանք մեծացնում են անոթային խանգարումների առաջացման հավանականությունը։
Ֆիզիկական բավարար ակտիվությունը կանխարգելում է թուլամտությունը 50 տոկոսով։
Գլխուղեղը ցանկացած տարիքում կարող է նոր բջիջներ արտադրել, հետևաբար տարիքով պայմանավորված հիշողության վատթարացումը պարտադիր չէ։ Կենսակերպը, սովորությունները մեծ դեր ունեն գլխուղեղի առողջության հարցում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։