14/05/2022 15:00
Մատչամանիա, կամ սուրճի առողջ այլընտրանք
Մատչայի վրա հիմնված ըմպելիքները գնալով ավելի շատ են հանդիպում սրճարանների մենյուում, իսկ ֆիթնես բլոգերների, դերասանների և մոդելների շրջանում այս կանաչ ըմպելիքն ընդհանուր առմամբ մեծ ժողովրդականություն է ձեռք բերել:
Մատչան ավանդական ճապոնական կանաչ թեյի փոշի է, որն ի սկզբանե աճեցվել է Չինաստանում: Այն ստացվում է բացառապես թեյի ծառերի վերին տերևներից։ Բերքահավաքից առաջ բույսերը տեղադրվում են ստվերում՝ աճի գործընթացը դանդաղեցնելու համար։ Դրա շնորհիվ տերևներում բարձրանում է քլորոֆիլի և ամինաթթուների մակարդակը։ Տերևները մշակվում են, չորանում և մանր փոշու վերածվում։ Մատչայի փոշու մեջ կոֆեինի պարունակությունը բավականին բարձր է, ուստի խորհուրդ է տրվում առավոտյան սուրճը փոխարինել մատչայով։
Բացի գույնից ու համից, մատչան ցանկացած այլ թեյից տարբերվում է էպիգալոկատեխինի բարձր պարունակությամբ, ինչի շնորհիվ այս ըմպելիքը ոչ միայն հակաօքսիդանտ հատկություն ունի, այլ նաև օգնում է նիհարել։ Այն դանդաղեցնում է կոֆեինի կլանումը և թույլ է տալիս հասնել էներգետիկ էֆեկտի՝ խուսափելով ճնշման կտրուկ աճից։ Ակտիվ մարդկանց նույնպես դուր կգա այս թեյը, քանի որ այն կարող է նվազեցնել մկանային ցավը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո:
Մի քանի խորհուրդ որակյալ մատչա ձեռք բերելու համար՝
Փոշին պետք է լինի վառ կանաչ գույնի. բաց, կամ թույլ գունավորմամբ երանգը կարող է լինել վատ որակի նշան
Անպայման ուշադրություն դարձրեք թեյի բաղադրությանն ու ծագման վայրին. ավելի լավ է ընտրել ճապոնական օրգանական թեյ՝ առանց հավելումների
Թեյի տոպրակը պետք է լինի անթափանց և հերմետիկ, որպեսզի խուսափի արևի ուղիղ ճառագայթներից, ավելորդ օդից և խոնավությունից
Բարձրորակ մաչա թեյը դառը չէ. դառնությունը կարող է առաջանալ մշակման և պատրաստման սխալ մեթոդից
Մատչան տանը ևս հեշտ է պատրաստել. գլխավորը՝ որակյալ թեյ ընտրելն ու հարելու տեխնիկային տիրապետելն է
Ամենահայտնի և տարածված մատչայով ըմպելիքը լատտեն է: Պատրաստման հիմքում կաթն ու մատչայի փոշին է. այն հատկապես համեղ է նուշի, վարսակի, կամ ցածր յուղայնությամբ կոկոսի կաթի հետ։ Ցանկության դեպքում կարող եք օգտագործել քաղցրացուցիչ, օրինակ՝ մեղր։
Կաթը կարելի է եռացնել և սառեցնել մինչև 80°C։ Տաք կաթը պետք է հարել այնքան, մինչև պինդ փրփուր առաջանա։ Կարևոր է մատչա լատտեն խմել պատրաստումից անմիջապես հետո, որպեսզի փոշին չիջնի բաժակի հատակ և խմիչքը չկորցնի իր համը։ Ամռան շոգ օրերին մատչա լատտեի սառեցված տարբերակը պարզապես իդեալական թարմություն կապահովի։
Մատչան օրգանիզմում ստեղծում է մի յուրահատուկ վիճակ, երբ միաժամանակ զգոն եք, հանգիստ և կենտրոնացված: Այս էֆեկտն օգնում է նաև բուդդայական վանականներին խորը կենտրոնացում պահպանել մեդիտացիայի ժամանակ: Այն հիանալի ըմպելիք է օրը աշխատավայրում սկսելու, կամ դժվար բանակցություններ վարելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։