14/05/2022 13:53
Հղի կնոջը վրաերթի ենթարկելուց հետո որևէ երկրում վարչապետը չէր մնա իր պաշտոնին, բայց մենք հանդուժեցինք․ Ավետիք Իշխանյան
Ողբերգական վթարի պարագայում դժվար է պատկերացնել, ցինիզմ է, երբ խոսում են արարողակարգի մասին, ինչպես հայտնում է Tert.am-ը, այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառալով վարչապետին ուղեկցող ավտոշարասյան կողմից հղի կնոջը մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքին։
«Ի՞նչ է նշանակում տասնյակ մեքենաների ուղեկցությամբ մարդկանց ահաբեկող այդ շարասյան շարժը ամբողջ Երևանում և մարզերում։ Վրաերթի ենթարկված կնոջ փոխարեն կարող էինք լինել ցանկացածս, մեր հարազատները։ Այդպիսի դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնին, ողջ ժողովուրդը փողոց դուրս կգար, եթե նա կամովին հրաժարական չտար, բայց մենք հանդուժեցինք։ Ավելին, մարդիկ կան, որոնք պաշտպանում էին նրան։ Ինձ արարողակարգը չի հետաքրքրում, ցինիկաբար կնոջը գցում են մեքենայի տակ և գնում։ Հավատացած եղեք, եթե վարորդը այդ պահին կանգներ, ապա պատժի կենթարկվեր», - ասել է Իշխանյանը։
Ապրիլի 26-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել: Դեպքից հետո պարզ դարձավ, որ կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը: Հարուցվել է քրեական գործ։