14/05/2022 12:23
Վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ-ն ընթացակարգով դիմեր ՌԴ-ին, այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք. Սերժ Սարգսյան
Արցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ միշտ ասել եմ. 30 տարի ասել եմ, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, վստահ եմ 100%, այդ մասին, ըստ Tert.am-ի, Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ես, վստահ եմ, որ Հայաստանն ունի մեծ ապագա, Հայաստանն իր ներուժի մեծ մասը դեռ չի օգտագործել և այն օգտագործվելու է Ֆրանսիայի հրապարակում հավաքված երիտասարդների կողմից», նշել է նա։
Հայաստանի համար Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է.
«Ռուսաստանը պատրաստ է կատարել դաշնակցի իր պարտավորությունները, ուղղակի Հայաստանի ղեկավարությունը պետք է ճիշտ ուղղությամբ շարժվի և ոչ թե բանավոր ինչ֊որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի, Ռուսաստանից օժանդակություն խնդրի և Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։
Ես վստահ եմ՝ եթե 44֊օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ընթացակարգով նախատեսված ձևերով դիմեր Ռուսաստանին, ապա մենք այսօր բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»։