15/05/2022 21:12
Երեքշաբթի օրվանից շարժմանն ամբողջությամբ նոր թափ ենք հաղորդելու․ ձեռքբերումները, որոնք ունենք, պետք է դարձնենք անշրջելի․ Իշխան Սաղաթելյան
«Դիմադրության շարժմանն ու պայքարին նոր թափ ենք հաղորդելու, անհնազանդության լայնածավալ ակցիաները պետք է սկսվեն առավոտյան ժամը 08։00-ից»,- Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը։
Նա ներկայացրեց առաջիկա երկու օրերի անելիքները․ երկուշաբթի, առավոտյան 08։00-ին մեկնարկելու են անհնազանդության ակցիաները, ավտոերթերը, որոնք շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում։ Հաշվի առնելով եղանակային պայմանները, վաղը հանարահավաք չի լինելու, բայց երեքշաբթի շարժումը նոր բովանդակություն է ստանալու։
«Երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարևոր օր․ այդ օրը առավոտյան ժամը 08։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ։ Մենք պետք է ձևավորենք առնվազն 80-100 խմբեր, որոնք առավոտյան ժամը 08։00-ին, թողնելով իրենց աշխատանքը, առօրյա հոգսերը, պետք է դուրս գան փողոց։
Այն քանակը, այն տասնյակ հազարանոց հավաքները, որոնք ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որ ամբողջ քաղաքը կասեցնենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հավելեց՝ պայքարի անցած օրերին հսկայական գործ է արվել, ձեռքբերումներն ակնհայտ են, բայց դրանք պետք է անշրջելի դառնան․ լայնամասշտաբ գործադուլներ, դասադուլներ պետք է սկսվեն, հանրային գործիչներն իրենց հերթին պետք է միավորվելու կոչեր ուղղեն և փողոցում պայքարը համակարգված դարձնեն։
«Շատ կարևոր է, որ երեքշաբթի առավոտյան, 08։00-ին ամբողջ քաղաքում տեղի ունենան այդ անհնազանդության ակցիաները։ Առավոտյան անհնազանդության ակցիաներն սկսվում են, իսկ երեկոյան, ժամը 19։30-ին տեղի է ունենալու հանրահավաք։
Երեքշաբթի օրվանից շարժմանը ամբողջությամբ նոր թափ ենք տալու։ Այն խնդիրներին, որոնք դրել ենք մեր առջև, հասել ենք, բայց պարզ, անկեղծ ասում եմ՝ դա բավարար չէ, մեզ պետք է կազմակերպվածության նոր մակարդակ։ Այն ձեռքբերումները, որոնք ունենք, պետք է դարձնենք անշրջելի»,- նշեց Իշխան Սաղաթելյանն ու հավելեց՝ պայքարից նահանջ, հետքայլ չի լինելու, այն անպայման հասնելու է իր վերջնանպատակին։