15/05/2022 20:16
Բոլոր մեղավորները, որոնք մեր հազարավոր տղերքին զոհեցին, հետո հայտարարեցին, որ կարող էին այդ զոհերը չլինել, պատասխան են տալու. Արթուր Վանեցյան
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը անձրևի տակ պայքարը շարունակող քաղաքացիներին մի դրվագ պատմեց իր և 44-օրյա պատերազմում զոհված հերոսներից մեկի հոր հետ զրույցից։
«Խոսում էինք, էլի անձրև էր գալիս, ասացի՝ մայիսի կեսն է արդեն, Հայաստանում երբեք այսքան անձրև չի եղել, ինչո՞ւ է այսքան անձրև գալիս։ Ասաց՝ մեր տղերքն են վերևից լացում, իրենց արցունքներն են։ Նաև ասաց՝ գիտե՞ք՝ ինչու են լացում․ որովհետև իրենք իրենց ամենաթանկը տվել են ամենաթանկին, բայց մենք մինչ օրս չենք կարողանում ազատվել իրենց սպանած և զոհած իշխանություններից»,- պատմեց Արթուր Վանեցյանը։
Զոհված բոլոր հերոսների ծնողներին Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ բոլոր մեղավորները պատժվելու են․ պատասխանատվություն են կրելու հազարավոր հայորդիների զոհելու, ապա նրանց ամենաթանկ զոհաբերությունն իրենց հայտարարություններով անարգելու համար։
«Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր մեղավորները պատժվելու են՝ շատ կարճ ժամանակում։
Շատ կարճ ժամանակ հետո բոոր մեղավորներն, ովքեր մեր հազարավոր տղերքին զոհեցին ու հետո ասացին, որ կարող էին նաև այդ զոհերը չլինել, բոլորը պատասխան են տալու»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։