15/05/2022 18:49
«Խաղաղության օրակարգի անվան տակ մեր երկիրը դուրս են բերել աշխարհաքաղաքական աճուրդի, որտեղ չկա հայկական շահ»․ Արտակ Զաքարյան
«Մինչև 2018 թվականի հեղափոխությունը մենք ունեինք աշխարհի առջև ներկայանալի, հասկանալի և ընդունելի արտաքին հարաբերություններ։ 2018 թվականի երկրորդ կեսից, երբ դիլետանտ, ապա կապիտուլյանտի վերածված իշխանությունը սկսեց աղավաղել մեր արտաքին հարաբերությունները, մեր ժողովուրդը կանգնեց արյունալի և աղետաբեր պատերազմի առջև»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով գործող իշխանության արտաքին քաղաքական սխալներին։
Արտակ Զաքարյանն ընդգծեց՝ այսօր էլ գործող իշխանությունը շարունակվում է հակառակարոդի հետ միակողմանի զիջումների և պետությունը ծնկի բերելու ազգակործան քաղաքականությունը։
«Խաղաղության օրակարգի անվան տակ մեր երկիրը դուրս են բերել աշխարհաքաղաքական աճուրդի, որտեղ չկա հայկական շահը, որտեղ Հայաստանը կրկին գլորվում է դեպի օտար շահերի համար հնարավոր հաջորդ պատերազմ»,- ասաց Զաքարյանը։
Նրա գնահատմամբ՝ այն պարագայում, երբ երկիրը ղեկավարող ուժը ոչ միայն ոչինչ չի հասկանում արտաքին քաղաքականությունից, այլև կախման մեջ է թշնամական ուժերից, նոր աղետներն անխուսափելի են։
«Երբ երկիրդ ղեկավարում են արտաքին քաղաքականությունից ոչինչ չհասկացող, թշնամական շահերից կախյալ վիճակում գտնվող կապիտուլացված ուժերը, ապա ոչ մի լավ բան սպասել չի կարելի։ Միամտություն է կարծել, թե այս իշխանությունները բերելու են խաղաղություն։ Սրանց գործողությունները, գիտակցված, թե անգիտակից ձևով, տանում են դեպի նոր արկածախնդրություն»,- ասաց Զաքարյանը։