15/05/2022 18:55
Հաջորդ կառավարության կարևորագույն խնդիրն է լինելու ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը, որը պետք է ամբողջովին համապատասխանի աշխարհում տեղի ունեցող զարգացումներին․ Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ գործող իշխանություններին փոխելու դեպքում միայն հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից, Հայաստանը կրկին դարձնել ինքնուրույն խաղացող ու աշխարհաքաղաքական գործոն։ Հաջորդ կառավարության գործողությունները, նրա խոսքով, դրան են միտված լինելու։
«Փոխվելու են ներքին և արտաքին քաղաքականության ոտնահարված, թուլամորթ և միջազգային հարթակներում անընդհատ ստորացվող գործողությունները։ Մեր պայքարի հաջողության արդյունքում նոր իշխանությունները նոր որակ, ինքնուրույնություն, ազգային ոգի, ճկուն միտք, համառ ջանքեր և հասկանալի իմաստ են դնելու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում»,- ասաց նա։
Արտակ Զաքարյանը մի քանի կարևոր դրույթ էլ ընդգծեց, որոնք վերաբերում են Արցախին և պետք է լինեն հաջորդ կառավարության գործունեության հիմքում։
«ԱԳՆ-ի, հայկական սփյուռքի, այլ պետական մարմինների գործունեության արդյունքում հակամարտության համապարփակ լուծման նպատակով պետք է հասնել Արցախի ամբողջականացմանն ու Ադրբեջանից դուրս կարգավիճակի քննարկմանը, Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ պետք է աջակցի ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությանն Արցախում՝ հասնելով նրանց ԵԱՀԿ ներկայացուցչական կարգավիճակի հաստատմանը։ ՀՀ պետք է աջակցի Արցախի ենթակառուցվածքների և շինությունների վերականգնմանը, ՊԲ վերականգնմանը, պաշտպանական դիրքերի ձևավորմանն ու ամրապնդմանը, բոլոր տեղահանվածների՝ բնակության վայրեր վերադարձին, նրանց համար կենսապայմանների և անվտանգության երաշխիքների ձևավորմանը։ Հայաստանը պետք է առավելագույն նպաստը բերի Արցախում բնակչության թվի աճի խթանմանը»,- ասաց նա։
Արտակ Զաքարյանն ընդգծեց՝ պետք է փոխվի նաև ազգային անվտանգության ռազմավարությունը։
«Հաջորդ կառավարության համար կարևորագույն խնդիր է լինելու ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը, որը պետք է ամբողջովին համապատասխանի աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և տա Հայաստանի ու Արցախի խնդիրներին ուղղված առկա և հնարավոր սպառնալիքների պատասխանները»,- ասաց նա։