15/05/2022 19:20
«Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան և փորձում է կրծել մեր ապագան․ թույլ չենք տալու, որ երկիրը տանեն վերջնական կործանման»․ Արթուր Վանեցյան
Այս իշխանությունները քանդել են մեր անվտանգային համակարգը, մենք չունենք այլևս անվտանգային համակարգ, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Արտագաղթը, ներդրումների բացակայությունը, տնտեսական անկումը ևս, ինչպես նշեց Արթուր Վանեցյանը, անվտանգային երկարաժամկետ երաշխիքների բացակայությամբ են պայմանավորված։
«Սրանք միայն պարտվողական քաղաքականություն են առաջ տանում։ Սրանք մարդկանց հոգեբանորեն ճնշում են՝ ասելով՝ եթե մենք գնանք, լինելու է պատերազմ։ Սու՛տ են ասում․ պատերազմն իրենք են բերել, և իրենք էլ հիմա ձեզ պատերազմով վախեցնելով՝ կառչած են մնում իրենց աթոռներից»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Այս իշխանություններն արժանի չեն Հայաստանին ու Արցախին, Արցախն ու Հայաստանն էլ արժանի չեն նրան, որ այսպիսի իշխանություններ ունենան, նշեց ընդդիմադիր գործիչը։
«Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան և փորձում է կրծել մեր ապագան։ Մենք թույլ չենք տալու, որ նրանք մեր երկիրը տանեն վերջնական կործանման։ Բոլորս միասնական, մի բռունցք դարձած, պայքարելու ենք մինչև վերջ, այս իշխանություններին հեռացնելու ենք և ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։