15/05/2022 19:55
«Բանակը պետք է լինի ոչ միայն պաշտպանողական, այլ, հարկ եղած դեպքում, նաև հարձակողական»․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ազգային համաձայնության կառավարության օրակարգային կետերը
«Այս իշխանությունն աղետաբեր է Արցախի, Հայաստանի և հայության համար։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը պետք է հեռանա, նա խաղաղություն ապահովել չի կարող»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը։
Հայաստանում պետք է լինի ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման ընթացքը, կապահովի երկրի սահմանների պաշտպանությունն ու անձեռնմխելիությունը, կիրագործի տարածքային մաբողջականությունը պաշտպանելու իր թիվ մեկ սահմանադրական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ, արդար, բարեկեցիկ և անվտանգ երկիր, նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ պետք է վերջ դրվի նաև ստին, պոպուլիզմին, պարտվողականությանը․ նոր իշխանությունը պետք է բարեփոխումներ իրականացնի ոչ թե ժողովրդին դուր գալու, այլ ժողովրդի համար իրական աշխատանք անելու նպատակով։
«Պոպուլիզմը քանդում է երկիրը, դա հանրահայտ ճշմարտություն է։ Օրվա իշխանությունն ունի մի նպատակ՝ մտածում է բացառապես իր աթոռի և վարկանիշի մասին։ Ցանկացած պոպուլիստ իշխանություն, երկիրը քանդելուն զուգահեռ, փորձում է հաստատել բռնատիրություն, որ իր իշխանությունը պահի։ Թույլ չե՛նք տալու։ Հայաստանում մեկ մարդու իշխանություն չի՛ լինելու, պոպուլիստները վռնդվելու են»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա անդրադարձավ նաև իշխանությանը հեռացնելուց հետո ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կողմից իրականացվելիք քայլերին՝ ուղղված երկիրը վերականգնելուն։
«Առաջին հերթին մեզ պետք է համերաշխություն, անվտանգություն, կայունություն։ Պետք է վերականգնենք մեր ներքին միասնականությունը, գրագետ աշխատանքով կառուցենք ուժեղ Հայաստան»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ուժեղ ու կայացած պետության երեք հիմնասյուներն են տնտեսությունը, բանակը և արտաքին քաղաքականությունը, ուստի Փաշինյանին հեռացնելուց հետո անհապաղ քայլեր են իրականացվելու պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերականգնման, մրցունակ, առաջադեմ, նոր տեխնոլոգիաների հիման վրա տնտեսություն ստեղծելու, մարտունակ, սպառազինությաբ հագեցած ԶՈՒ ունենալու ուղղությամբ։
«Բանակը պետք է լինի ոչ միայն պաշտպանողական, այլ, հարկ եղած դեպքում, նաև հարձակողական բանակ։
Մուրացիկ դիվանագիտության փոխարեն պետք է ունենանք ազգային շահերի վրա հիմնված, պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ երբեք ստրկային արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում մենք պետք է հանդես գանք մեր օրակարգով, Հայաստանի ու Արցախի շահերը սպասարկող օրակարգով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։