16/05/2022 19:00
Գերքրտնարտադրություն. պատճառները, բուժումը
Քրտնարտադրությունը կարևոր է օրգանիզմի ջերմակարգավորման, ինչպես նաև նյութափոխանակության արգասիքների դուրսբերման և օրգանիզմի ջրաաղային բալանսի պահպանման համար։
Քրտինքը ջրային արտազատուկ է, արտադրվում է էկրին և ապոկրին տիպի գեղձերում։ Մաշկում ավելի շատ են էկրինային գեղձերը, իսկ ապոկրինային գեղձերը միայն թևատակերում են, պտուկների արեոլաներում, ճակատին և հոնքերի շրջանի մաշկում։ Նորմա ընդունված է համարել 1 օրում 0.5-ից 1 լիտր քրտինքը (ոչ արտահայտիչ հոտով)։
Արտաքին միջավայրի կամ մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, սթրեսով, ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված քրտնարտադրությունը խթանվում է։
Առատ քրտնարտադրությունը, որ պայմանավորված չէ ֆիզիկական գործոնով, ախտաբանական երևույթ է (հիպերհիդրոզ)։
Տարբերակվում են ընդհանուր և տեղային հիպերհիդրոզ։ Ընհանուր հիպերհիդրոզն արտահայտվում է մարմնի ամբողջ մակերեսի քրտնարտադրությամբ. կարող է լինել հորմոնալ փոփոխության, հղիության, դաշտանադադարի, վարակիչ, էնդոկրին, նյարդային հիվանդությունների հետևանք։
Տեղային հիպերհիդրոզ կարող է դրսևորվել մարմնի ցանկացած մասում, առավել հաճախ՝ թևատակերում, ափերում, ոտնաթաթերի հատվածում։
Հիպերհիդրոզի ախտանշանները՝
• Քրտինքի սուր արտահայտված հոտ (անգամ հիգիենայի պահպանման դեպքում)
• Առատ քրտնարտադրության հատվածներում հարվածություն, կարմրություն
Առանձնացվում են առաջնային և երկրորդային հիպերհիդրոզ։ Առաջնայինը բնորոշ է դեռահասներին։ Երկրորդային հիպերհիդրոզը հետևանք է շաքարային դիաբետի, ճարպակալման, վարակիչ և բորբոքային հիվանդությունների (թոքախտ, էնդոկարդիտ) դեպքում։
Կանանց դեպքում գերքրտնարտադրությունը հիմնականում պայմանավորվում է սեռական հորմոնների (էստրոգենի, էստրադիոլի, պրոգեստերոնի, պրոլակտինի) մակարդակի բարձրացմամբ ՝ հղիության, դաշտանի, դաշտանադադարի, հետծննդաբերական շրջանում։
Տղամարդկանց դեպքում գերքրտնարտադրության հիմնական մեղավորներից է տեստոստերոնը. 40-50 տարեկանից հետո հորմոնի մակարդակը նվազում է, ինչն էլ խաթարում է վեգետատիվ կարգավորումը, որպես հետևանք մեծանում է քրտնարտադրությունը։
Քնի ժամանակ առատ քրտնարտադրության պատճառները՝
Քնի ապնոեի համախտանիշի դեպքում (շնչառության խանգարում քնած ժամանակ). հիմնականում բնորոշ է տղամարդկանց։
Աբստինենցիայի համախտանիշ, երբ ալկոհոլի մշտական օգտագործումը կտրուկ դադարեցնելու հետևանքով օրգանիզմի գործունեությունը խաթարվում է (դիսֆունկցիա): Խաթարումն արտահայտվում է նաև առատ քրտնարտադրությամբ. քրտինքն ունենում է սուր արտահայտված հոտ։
Եթե գերքրտնարտադրությունը հիվանդությունների հետևանքով չէ, քրտնարտադրությունը կարգավորելու համար օգտակար են՝
Սննդակարգից բացառել կծու, սուր համեմունքները, տաք ուտեստները, ալկոհոլը
Հրաժարվել ծխախոտից
Ընդունել սառը-տաք լոգանք
Նախապատվությունը տալ բնական գործվածքով հագուստին
Հագնել բնական կաշվից, շնչող հումքից կարված կոշիկներ
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։