16/05/2022 19:30
Սնկի օգտակար հատկությունները, պահման կանոնները, հակացուցումները
Սնկերը մեր սննդակարգի կարևոր և բարձրորակ բաղադրիչներից են՝ ի հաշիվ դրանցում առկա օգտակար սննդանյութերի, մասնավորապես՝ սպիտակուցների, հանքանյութերի (պղինձ, սելենիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ և այլն) և վիտամինների (B խմբի վիտամիններ, նաև վիտամին A, C և D): Առողջարար սննդակարգում սնկերի ներառումը պայմանավորված է նաև դրանց ցածր կալորիականությամբ (իհարկե խոսքն այս դեպքում յուղի կամ ձեթի մեջ երկար տապակած սնկերի մասին չէ), Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը։
«Սնկերի մեծ մասն ուտելի է (օրինակ բոլորիս շատ լավ հայտնի տեսակներն են՝ շամպինյոնը (հայտնի է նաև ագարիկոն և սարի սունկ անվանումները), շեկլիկը, սպիտակ սունկը և այլն): Կան նաև ոչ ուտելի սնկեր, որոնք ներառում են ոչ միայն թունավոր տեսակները, այլ նաև տհաճ համ ու հոտ ունեցող տեսակները: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ անգամ ուտելի, սակայն հին, փտած սնկերը կարող են թունավոր լինել», - նշեց նա։
Փորձագետը խորհուրդ է տալիս նախքան եփելը մաքրել թարմ սնկի մակերեսը, սակայն չհեռացնել կեղևը: Խորհուրդ չի տրվում երկար պահպանել՝ անգամ սառնարանային պայմաններում, ինչպես նաև՝ հոտավետ մթերքների հետ միասին, քանի որ սնկերը կարող են կլանել կողմնակի հոտերը: Թարմ սունկը կարելի է պահել 36 ժամից ոչ ավել (նախընտրելի է 1 օրից ոչ ավել): Պահածոյացված մթերքը (օրինակ մարինացված սունկը) երկար պահպանման ժամկետ ունի և հանգիստ կարող ենք օգտագործել տարբեր աղցանների և ուտեստների պատրաստման համար:
Մելինե Բեգլարյանը հորդորում է սնկերի խոհարարական մշակում իրականացնելիս հետևել որոշ կանոնների, քանի որ այս մթերքը հաճախ սննդային թունավորումների պատճառ է դառնում: Նման դեպքերից խուսափելու համար նախ չպետք է անհայտ ծագման սունկ օգտագործել, չփորձել տարբերակել ուտելի և թունավոր տեսակները՝ առաջնորդվելով թեթևակի, տեսական գիտելիքներով կամ նկարներով որոշակի համեմատություններ կատարելով:
Աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցողներին և երեխաներին խորհուրդ չի տրվում սունկ օգտագործել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։