16/05/2022 15:36
Ոստիկանների այսօրվա արարքներն իրենց մեջ պարունակում են քրեական օրենսգրքի լիազորությունների անցումից մինչև չարաշահում. Արամ Վարդևանյան
«Դիմադրություն» շարժման անդամ ուժերն այսօր որոշել էին իրականացնել խաղաղ ավտոերթ։ Ավտոերթն իրենից ներկայացնում է հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրացման ձևերից մեկը, այն բացառապես օրինական և իրավաչափ է, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ոստիկանության գործողություններին։
«Հետևաբար, ոստիկանական միջամտություն չի կարող տեղի ունենալ, առավել ևս, կարմիր և այլ գույների բերետավորների բիրտ միջամտությունը չէր կարող տեղի ունենալ։ Բայց տեսանք ճիշտ հակառակը։ Եթե ՀՀ-ն լիներ ժողովրդավարական արժեքների ջատագով երկիր, ապա չէինք կարող տեսնել այն ամենը, ինչ այսօր տեսել ենք», - ասաց Վարդևանյանը։
Նա որպես օրինակ նշեց՝ վարորդը մեքենայի ղեկին նստած, որևէ գործություն չի անում, իր նկատմամբ ուժ են կիրառում, որպեսզի բերման ենթարկեն։
«Ինքնանպատակ ուժի կիրառման դեպքեր ենք տեսնում։ Տեսանք, թե այսօր ինչպիսի ուժ էր կիրառվում 75-ամյա Գեորգի Արիստակեսյանի նկատմամբ։ Իրեն նույնիսկ անձնական ամենալկտի վիրավորանքն են հասցնում», - ասաց պատգամավորը։
«Հիմա 3 պատերազմի մասնակից Ժորա պապիկի նկատմամբ քրեական գործ են հարուցում և իրեն ձերբակալում են։ Մենք այսպիսի իրականություն ունենք։ Ոստիկանների այսօրվա արարքներն իրենց մեջ պարունակում են քրեական օրենսգրքի լիազորությունների անցումից մինչև չարաշահում, և այլ հոդվածների հատկանիշներ, նույնիսկ մարդու առևանգման հանցակազմի հատկանիշ էլ կարող ենք տեսնել։ Իրենցից յուրաքանչյուրը պատասխանատվության է ենթարկվելու, պատժվելու է շատ խիստ», -հայտարարեց պատգամավորը։