16/05/2022 11:48
Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի. ԿԲ փոխնախագահ
Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ պայմանավորված՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
«Մենք ունենք 2.5 մլրդ դոլարի միջազգային առևտուր Ռուսաստանի հետ, որտեղ 800 միլիոն դոլարի կարգի արտահանումն է, 1.7 միլիարդ դոլարի՝ ներմուծումը: Վերջին 1,5 ամսվա դինամիկ զարգացումների պարագայում առկա տվյալները դեռ քիչ են հեռու գնացող ենթադրություններ անելու համար, բայց, ամենայն հավանականությամբ, առևտուրը կկրճատվի», - նշեց Խաչատրյանը:
Վճարային հաշվեկշռի, կապիտալ հոսքերի, առևտրային հաշվեկշռի տեսանկյունից Կենտրոնական բանկը դեռ վերջնական գնահատական չի հրապարակել, թե որ ուղղությամբ կլինի զուտ առևտրի փոփոխությունը:
Հայաստանն Ուկրաինայի հետ ունի ոչ մեծ ծավալի առևտուր՝ 160 մլն դոլարի, որից 120 միլիոնը ներմուծումն է. «Դա, եթե չի զրոյացել, ապա զրոյին մոտ է», - ասաց նա՝ հավելելով, որ այդ ներմուծման և արտահանման ծավալները, բնականաբար, ինչ-որ կերպ լրացվելու են այլ ճանապարհներով:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի տնտեսության կանխատեսումներին՝ ԿԲ նախագահի տեղակալն ասաց, թե ՌԴ-ի տնտեսության կանխատեսումները, բնականաբար, բացասական են։
«Կանխատեսել ենք 8 տոկոսի չափով, սակայն շատ մեծ, անհասկանալի իրադարձությունների մեջ ենք այդ կանխատեսումն արել, այս պահին հնչում են 10-15 տոկոս, 6-7 տոկոս, շատ տարբեր են կանխատեսումները», - ընդգծեց Հովհաննես Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երկնիշ՝ մոտ 15 տոկոս գնաճ ունի, որը արդյունք է մեծ անորոշությունների և ռուբլու փոխարժեքի արժեզրկման։
«Վերջին շրջանում իրավիճակի կայունացման հետ և ռուբլու փոխարժեքի փոփոխության հետ կապված՝ կլինեն փոփոխություններ», - հավելեց ԿԲ փոխնախագահը։