16/05/2022 16:37
Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքն այնքան էլ չգոհացրեց Հայաստանին. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին մեղադրել է Ադրբեջանի Զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումից հետո հանրապետության խնդրանքին ոչ պատշաճ արձագանքելու մեջ։
«Անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ՝ 2010 թվականից ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ ընթացակարգով նախատեսված մեխանիզմները կիրառելու համար։ Բայց, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը։ Մենք երկար ժամանակ բարձրացնում էինք անդամ երկրների կողմից Հայաստանին ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու հարցը, որն օգտագործվում էր Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Սա նույնպես խնդիր է»,- այսօր Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովում ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքն այնքան էլ չգոհացրեց Հայաստանին և հայ ժողովրդին։
«Բայց ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։ Ուզում եմ հաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի Նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին»,- ասաց Փաշինյանը։
Նա խոսեց նաև Կազմակերպության անդամ երկրների ոչ սինխրոն քվեարկության խնդրի մասին։
«Խնդիր կա, հաճախ մեր ձայները համաժամանակյա չեն։ Սա նոր խնդիր չէ, այն վաղուց ուղեկցում է մեր կազմակերպությանը, մենք բազմիցս բարձրացրել ու քննարկել ենք այդ հարցը աշխատանքային կարգով։ Ակնհայտ է, որ այս հարցը հետագա քննարկման կարիք ունի»,- ասաց Փաշինյանը։