16/05/2022 17:01
Թոքի քաղցկեղից մեզ և մեր սիրելիներին պաշտպանելու միակ միջոցը ծխախոտից կտրականապես հրաժարվելն է. Բժիշկ-քիմիաթերապևտ (Տեսանյութ)
Բազմաթիվ հետազոտություններ գոյություն ունեն, որոնք ապացուցում են ծխախոտի ծխի և քաղցկեղի փոխկապակցվածության մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-քիմիաթերապևտ Աննա Թադևոսյանը։
«Կան մեծ թվով հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ թոքի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառներից մեկը ծխախոտն է։ Շուրջ 90 տոկոս դեպքերում թոքի քաղցկեղը զարգանում է հենց ծխախոտի օգտագործումից։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ թոքի քաղցկեղը հիմնականում զարգանում է տղամարդկանց մոտ շուրջ 8 անգամ ավելի հաճախակի, քան՝ կանանց։
ՀՀ-ում ծխախոտի հետևանքով քաղցկեղի զարգացումը բավականին արտահայտված է։ Մոտ 70 տոկոս դեպքերում հիվանդները դիմում են քաղցկեղի արդեն 3-րդ և 4-րդ փուլերում, հիմնական պատճառը ծխախոտի լայն օգտագործումն է», - ասում է մասնագետը։
Ծխախոտի ծուխը կանցերոգեններ է պարունակում, հետևաբար պասիվ ծխողները համարվում են ռիսկի շրջանում գտնվող անհատներ։
Բժշկի խոսքով՝ քաղցկեղից ինքներս մեզ և մեր սիրելիներին պաշտպանելու միակ միջոցը ծխախոտից կտրականապես հրաժարվելն է։
«Հայաստանում ծխողները հիմնականում 18-40 տարիքային խմբում գտնվող երիտասարդներն են։
Դեռահասների շրջանում գրավիչ գործոն է հանդիսանում մեծահասակներին նմանվելու ցանկությունը։ Եվ երբ սովորությունն արմատավորվում է, սկսում է աշխատել կախվածության գործոնը։ Ուստի մեծահասակներին կհորդորեի գոնե երիտասարդների ու երեխաների մոտ ծխախոտ չօգտագործել», - ասում է բժիշկ-քիմիաթերապևտ Թադևոսյանը։
Թոքի քաղցկեղը, նրա խոսքով, դարձել է ծխողների մահացության ամենատարածված պատճառներից մեկը։
«Ծխողների մեծ մասը կարծում է, թե երբ արդեն քաղցկեղը հայտնաբերվել է, ծխախոտից հրաժարվելն իմաստ չունի, սակայն նույնիսկ այդ պարագայում ծխախոտից հրաժարվելը կարող է ազդեցություն ունենալ հետագա բուժման արդյունքների վրա» , - վստահեցնում է մասնագետը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։