16/05/2022 21:48
Անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն
Մայիսի 17-ից 21-ը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում N զորամիավորման զորավարժարաններից մեկում իրականացվելու է մարտական հրաձգությամբ բրիգադային մարտավարական զորավարժություն: Մարտական պատրաստականության բարձր աստիճանի պայմաններում զորամիավորման անձնակազմը դուրս է բերվելու նախորոշված շրջաններ։ Խաղարկվող մարտավարական դրվագների ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի՝ մարտավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները»,- նշված է հաղորդագրությունում։