17/05/2022 12:22
Ոստիկանության բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում կոտրվել է 77-ամյա կնոջ ձեռքը. Մամիջանյանը հաղորդում է ներկայացրել
Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանը ձախ բազկոսկրի կոտրվածք է ստացել, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Այժմ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:
Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան-Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մնացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը:
Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում», - գրել է ընդդիմադիր պատգամավորը։