17/05/2022 16:00
Ֆեյխոան յոդի անսպառ աղբյուր. Հատապտղի օգտակար հատկություններն ու հակացուցումները
Ֆեյխոան (վարդաթուզ) աչքի է ընկնում ոչ միայն իր յուրահատուկ համի, այլև բուժիչ նշանակության և սննդային հատկությունների շնորհիվ։ Այս բույսի պտուղները օգտագործվում են վահանաձև գեղձի հիվանդությունների և նյութափոխանակության հետ կապված խնդիրների բուժման համար, նշանակվում աթերոսկլերոզի ախտանիշների առաջացման դեպքում։ Բուժական նպատակներով ֆեյխոան օգտագործվում է ասկորբինաթթվի պակասի, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում։
Յոդը, որը մեծ չափաբաժնով պարունակվում է ֆեյխոայի մեջ, չափազանց կարևոր է վահանաձև գեղձի աշխատանքի համար, քանի որ վերահսկում է մարմնի նյութափոխանակությունը: Ֆեյխոան կարող է օգտագործվել որպես միջոց, որը կարող է կանխել աղեստամոքսային տրակտի խանգարումները և վերականգնել մարսողական համակարգը՝ ակտիվացնելով աղիքային շարժունակությունը։
Այս մթերքն ունի հակաբորբոքային, հակաօքսիդանտ հատկություններ։ Մասնավորապես, հակաօքսիդանտ ազդեցություն են ստեղծում ֆեյխոայի կեղևի ֆենոլային միացությունները։ Դրանց շնորհիվ ապահովվում է նաև ուռուցքաբանական պրոցեսների զարգացման կանխարգելումը։ Փորձնականորեն հաստատվել է ֆեյխոա հատապտուղի եթերայուղի հակասնկային ակտիվությունը և ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ հակաբակտերիալ ակտիվությունը։ Ֆեյխոայում պարունակվող վիտամին P-ն օգնում է իջեցնել արյան ճնշումը, իսկ բաղադրության մեջ պարունակվող պեկտինը օգնում է վերացնել տոքսինները։ Այն նաև բարելավում է ծայրամասային արյան մատակարարումը` կանխելով բջիջների վնասումը և, որպես հետևանք, մարմնի ծերացումը:
Բժշկության մեջ գործող դեղագործական պրակտիկայում դիտարկվում է ֆեյխոայի տերևների բերքահավաքի հնարավորությունը՝ որպես դեղորայքային պատրաստուկների հումք։ Իսկ բույսի պտուղների քաղվածքներն այսօր արդեն շուկայում են դիետիկ և բուսական հավելումների կարգավիճակով։
Քաշի կորստի համար օգտագործելիս, ֆեյխոան իր 50-70 կկալ/100 գ-ով չի կարելի անվանել շատ բարձր կալորիականությամբ մթերք, սակայն այն հազվադեպ է դառնում դիետաների հիմք։ Ամենից հաճախ հատապտուղը ներառված է սննդակարգում՝ որպես նախաճաշի տարր, կամ կերակրին նախորդող միրգ, քանի որ մրգի միջուկի մանրաթելն ու պեկտինը մեծացնում են աղիքային շարժունակությունը և խթանում մարսողության գործընթացը:
Ֆեյխոայի էքստրակտի հիման վրա պատրաստվում են մի շարք կոսմետիկ պատրաստուկներ՝ պսորիազի դեմ բուժիչ և մաշկը վերականգնող խառնուրդներ, ցելյուլիտի առաջացումը կանխարգելող շիճուկներ, տոնիկ և ձգողկրեմներ, մածուկներ և ողողման լուծույթներ՝ բերանի խոռոչի խնամքի համար, շամպուններ և կոնդիցիոներներ՝ մազերի խնամքի համար:
Ենթադրվում է, որ ֆեյխոայի սիստեմատիկ չարաշահումը կարող է վնասակար լինել դրանում յոդի բարձր պարունակության պատճառով։ Կարելի է ասել, որ չափից մեծ դոզայի վտանգը նվազագույն է, քանի որ մեր երկրի բնակիչները (որպես յոդի պակաս ունեցող տարածաշրջան) այս տարրի դեֆիցիտի մեծ վտանգի տակ են: Ֆեյխոա հատապտուղները կարող են վնասել նաև շաքարախտ ունեցող մարդկանց: Խուսափեք ուտել չհասած միրգը. այն կարող է հանգեցնել մարսողական խանգարումների:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։